211652_close_icon
views-count4516 դիտում article-date 23:23 28-02-2018

Իմ ակնկալիքը թիմից հստակ է, մենք հստակ քայլերով պետք է գնանք առաջ, քանի որ դեռ շատ անելիքներ ունենք. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, սոցիալական ապահովության, բնապահպանության վարչությունների պետերի, ինչպես նաև «Երքաղլույս» և «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Վարչությունների պետերն ու ընկերությունների ղեկավարները հաշվետվությունների ձևով քաղաքապետին ներկայացրել են 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018թ. ծրագրերը: Զեկուցվել է, որ կոմունալ տնտեսության և շինբարեկարգման ոլորտներում նախորդ տարվա ընթացքում հետևողական աշխատանքներ են տարվել բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 95000 քմ մակերեսով հարթ և շուրջ 45000 քմ մակերեսով թեք տանիքների վերանորոգման, 1141 մուտքերի ու 166 վթարային պատշգամների նորոգման ու ամրացման, փողոցների ասֆալտապատման, մայթերի սալիկապատման ու եզրաքարերի նորոգման, մայրաքաղաքի ջրամատակարարման որակի բարելավման, թեքահարթակների կառուցման, նոր աղբամանների տեղադրման և մի շարք այլ ուղղություններով: Կառուցվել և բարեկարգվել է 256 բակային տարածք, որոնք կահավորվել են մանկական խաղերով, մարզասարքերով ու զրուցատաղավարներով, որոշ տեղերում կառուցվել են նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտեր: Նախորդ տարվա ընթացքում անցկացվել է 86 կմ երկարությամբ արտաքին լուսավորության նոր ցանց, լուսավորվել և առկա ցանցին են միացվել 193 փողոց ու բակ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի այգիներ, պուրակներ, հրապարակներ ու արձաններ: Բնապահպանության ոլորտի առնչությամբ զեկուցվել է, որ 2017թ. մայրաքաղաքում անցկացվել և նորոգվել է 6.6 կմ ոռոգման ցանց, կառուցվել է խորքային 2 հոր, ինչի շնորհիվ 2017թ. ընթացքում ավելացված և բարելավված կանաչ տարածքների մակերեսը մայրաքաղաքում կազմել է 2.8 հա: Ծավալային առումով զգալի աշխատանքներ են տարվել նաև սոցիալական նշանակության ծրագրերի իրականացման բնագավառում: Ըստ այդմ, Արցախում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների շուրջ 3200 ծնող հնարավորություն է ստացել այցելելու զավակներին, «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցումների սոցիալական բաղադրիչի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել 2799 ընտանիքի, 4234 առաջին դասարան հաճախող երեխաներ էլ ստացել են գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ, իսկ ավելի քան 40400 երեխա էլ ստացել է Ամանորի մանկական նվեր-փաթեթ: Մշտական ուշադրության կենտրոնում են եղել սիրիահայ ընտանիքները, տարեցներն ու սոցիալապես անապահով ընտանիքները: Նոր բնակարաններ են հանձնվել զոհված և հաշմանդամ ազատամարտիկների 4 ընտանիքների: Խոսելով 2018թ. ծրագրերի մասին՝ պատասխանատուները նշել են, որ կոմունալ, շինբարեկարգման, բնապահպանության ու սոցիալական ոլորտներում այս տարի ևս հետևողական աշխատանքներ կտարվեն: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ներկայացված ոլորտների մասով վարչությունների կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր տարի թիմի կողմից իրականացվող ծրագրերը միտված են իրենց թափով, բովանդակությամբ ու ռիթմով նոր շունչ հաղորդելու Երևանի զարգացմանն ու գեղեցկացմանը: Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է, բացի առօրյա կենցաղային հարցերից, ուշադրություն դարձնել նաև երկարաժամկետ և զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը: «Իմ ակնկալիքը թիմից հստակ է. Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է լինի նախաձեռնող ու հանդես գա առաջարկներով: Մենք պատրաստ ենք քննարկելու ցանկացած ծրագիր, որն առավել գրավիչ ու հարմարավետ կդարձնի Երևանը: Վերջին տարիներին իսկապես զգալի աշխատանք է կատարվել կոմունալ տնտեսության, շինբարեկարգման, բնապահպանության ու սոցիալական ոլորտներում: Շարունակեք որդեգրած հստակ այս քաղաքականությունն ու ամեն ինչ դիտարկեք համաչափ զարգացման համատեքստում: Մենք հստակ քայլերով պետք է գնանք առաջ, քանի որ դեռ շատ անելիքներ ունենք»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է նաև վարչական շրջանների հետ մշտական կապի ապահովմանը՝ ընդգծելով, որ բնակչի հետ անմիջական շփման առաջին օղակը հենց վարչական շրջաններն են և նրանք առավել մոտիկից են ծանոթ քաղաքացիներին հուզող խնդիրներին: Հանդիպման ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է լինել հետևողական, որպեսզի Երևանի զարգացման 2018թ. ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները ևս կյանքի կոչվեն ամբողջությամբ ու ավարտվեն նախատեսված ժամկետներում:

Նմանատիպ նյութեր