2260 դիտում
17:07 14-10-2014
«Թատերական Լոռի» փառատոնն այս տարի նվիրվում է հայ թատրոնի նահապետ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող «Թատերական Լոռի» 22-րդ, միջազգային կարգավիճակով` 4-րդ փառատոնը նվիրվում է ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, հայ թատրոնի նահապետ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին։
«Թատերական Լոռի» փառատոնն այս տարի կանցկացվի ս. թ. հոկտեմբերի 15-26-ը. բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը 17:30-ին, բացման ներկայացումը` ժամը 18:00-ին, Ալավերդու մշակույթի տանը` Համազգային պետական թատրոնի «Մեկ բաժակ բարություն» ներկայացումով /պիեսը` Վիլյամ Սարոյանի, բեմադրությունը` ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի/:
«Թատերական Լոռին» այս տարի կանցկացվի ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքներում։ Փառատոնին Հայաստանից, Վրաստանից, Արցախից և Ռուսաստանի Դաշնությունից կմասնակցեն 25 թատերախմբեր` 3 տասնյակից ավելի բազմաժանր ներկայացումներով:
Փառատոնի ընթացքում մի շարք հոբելյաններ կնշանավորվեն հատուկ ընտրված ներկայացումներով. Կոմիտաս Վարդապետի ծննդյան 145-ամյակին կներկայացվի «Կոմիտաս. եկել եմ» բեմականացումը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հանդես կգա Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացումով, այդ օրերին կգործի նաև Հ. Ղափլանյանի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող լուսանկարչական ցուցահանդեսը։ Հանրաճանաչ դրամատուրգ Ժիրայր Անանյանի ծննդյան 80-ամյակին` «Մեր տան տերերը» կատակերգությամբ հանդես կգա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը: Պատանի հանդիսատեսի թատրոնի 85-ամյա հոբելյանը կնշվի թատրոնի ուղին ներկայացնող թատերագիտական ելույթներով, այնուհետև` Վիգեն Ստեփանյանի «Բրեմենյան երաժիշտներ» երաժշտական հեքիաթով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հանդես կգա «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» ներկայացոումով /ըստ Լևոն-Զավեն Սյուրմելյանի համանուն վեպի/:
«Թատերական Լոռու» շրջանակում «Ռուսսկի միր» հիմնադրամի աջակցությամբ կանցկացվի «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը. կմասնակցեն ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական և Չեխովի քաղաքային դրամատիկական, Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոններն ու տասնյակ ռուսալեզու թատերախմբեր։ Կանցկացվեն նաև վարպետության դասընթացներ, ստեղծագործական քննարկումներ, հանդիպումներ, էքսկուրսիաներ մասնակից թատերախմբերի հետ։
Հոկտեմբերի 26-ին, Ստեփանավանում կբացվի Սոս Սարգսյանի արձանը. հեղինակ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ-քանդակագործ Դավիթ Մինասյան։
Ս. թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում «Թատերական Լոռի» փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Թատերական Լոռու» մասնագիտական հանձնախմբի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկազ Երանոսյանը, փառատոնի գլխավոր համակարգող Նվարդ Ասատրյանը։
Նմանատիպ նյութեր
3250 դիտում
23:04 24-09-2014
«Հայֆեստ» միջազգային 12-րդ թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Թատերական իրարանցում» խորագրի ներքո
5834 դիտում
14:27 15-01-2016
«Միրզոյան-Ֆեստ». հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն այս տարի նվիրվում է Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին
Այս բաժնից
1621 դիտում
23:01 14-11-2024
Ողջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել է
805 դիտում
22:46 14-11-2024
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԵԱՀ ԱԳ փոխնախարարին