1628 դիտում
21:57 03-11-2014
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թվականի
պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Նոյեմբերի 3-ին ՀՀ Աժ առողջապահության, մայրության եւ մանկության ու
ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ
նիստում Արա Բաբլոյանի ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի
նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ
օրենքի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ
2015 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվել է
83 մլրդ 468 մլն դրամ: Աճը ընթացիկ տարվա համեմատ՝ կազմել է 3,3 տոկոս: Պրն.
Սաֆարյանը նշել է, որ 2015 թ.-ի ընթացիկ ծախսերն ավելացել են 8 մլրդ 525 մլն
դրամով:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ 2015թ.-ին
ծրագրված է ՀՀ առողջապահության նախարարության հատկացումների 83 տոկոսը կամ 67
մլրդ դրամն ուղղել հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայությունների
մատուցմանը: Այդ նպատակով նախատեսված է հատկացնել 29 մլրդ դրամ, որով
կֆինանսավորվեն 14 ծրագրեր:
Ավելացվող գումարների հիմնական մասը, ըստ նախարարի, կուղղվի 2015 թ հուլիսի
1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմանը:
2015թ հուլիսի 1-ից, Արմեն Մուրադյանի խոսքով, նախատեսվում է բարձրացնել
առաջնային օղակի միջին եւ կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը: 2014
թվականի 76.100 դրամի դիմաց՝ 79.400 դրամ, իսկ բժիշկների հաշվարկային
աշխատավարձը կպահպանվի 2014 թվականի մակարդակով՝ 178.600 դրամ:
Նախարարը նշել է, որ 2015թ.-ին նախատեսվում է փոխհատուցել 300 հազ.
հիվանդանոցային բուժօգնության եւ սպասարկաման դեպք՝ նախորդ 290 հազարի
փոխարեն, որի համար պլանավորված է ծախսել 38.6 մլրդ դրամ: Ավելացվող
միջոցներից 760 մլն դրամը կուղղվի հուլիսի 1-ից հիվանդանոցային բուժանձնակազմի
նվազագույն աշխատավարձի բարձրացմանը:
Գալիք տարում հիվանդանոցային 14 ծրագրի փոխարեն կֆինանսավորվի 17 ծրագիր:
Առողջապահության նախարարը անդրադարձել է նաեւ 2014թ-ից պետական հիմնարկների
եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի շրջանակում բժշկական
օգնության կազմակերպման եւ դրանց ծախսերի փոխհատուցմանը, որն իրականացնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը:
Նոր իրականացվող ծրագրերից նախարարն անդրադարձել է սրտի անհետաձգելի
վիրահատությունների իրականացմանը, որի համար կհատկացվի 500 մլն դրամ: Հաջորդ
նոր ծրագիրը արտասահմանյան առաջատար կլինիկաների փորձի ուսումնասիրման
նպատակով բժիշկների գործուղումներն են, որի տարեկան գումարը կազմում է 36 մլն
դրամ, որի շրջանակում նախատեսվում է վերապատրաստել 12-13 մասնագետ աշխարհի
առաջատար կլինիկաներում:
Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ նախարարության համար շարունակելու է
գերակա լինել մոր եւ մանկան առողջության պահպանումը, որի համար 2015 -ին
պլանավորված է ծախսել 15.5 մլրդ դրամ: Նախարարի խոսքով ՝ պետական բյուջեից
առաջին անգամ միջոցներ կհատկացվեն անպտուղ զույգերին վերարտադրողական օժանդակ
տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու
համար: 2015թ.-ին հանրային առողջապահական ծառայությունների հատկացումներն
ավելացել են ավելի քան 1,5 մլրդ դրամով: Գերակայությունը տրվել է
«Իմունականխարգելման ազգային ծրագրի» ընդլայնմանը եւ որակյալ պատվաստանյութերի
ձեռքբերմանը:
Նախարարը նշել է նաեւ, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ կկառուցվեն
«Ուռուցքաբանության գերազանցության հայկական նոր կենտրոնի» ճառագայթային նոր
մասնաշենքը եւ Մեղրու հիվանդանոցը, կվերակառուցվեն Յոլյանի անվան
արյունաբանական կենտրոնը, Կապանի, Բերդի, Ճամբարակի բժշկական կենտրոնները,
որոնք կհագեցվեն ժամանակակից նոր սարքավորումներով:
Նույն օրը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի
հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների
համատեղ նիստում՝ Արտակ Դավթյանի եւ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ,
քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում
նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի,
երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացվելիք ֆինանսական
միջոցները:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է նշված
ոլորտներին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալները, այնուհետեւ ոլորտների
ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում 2015 թվականին իրականացվելիք
ծրագրերն ու ուղղությունները եւ կարեւորել նոր ծրագրերի իրականացումը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ
կրթության ոլորտում բովանդակային ծախսերն ավելացել են, ավելացել է նաեւ
հանրակրթական դպրոցում սովորողների թիվը: Կրթության ոլորտի նոր ծրագրերից նա
առանձնացրել է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգը, կրթության
գերազանցության ազգային ծրագիրը, ռոբոտաշինության ծրագիրը եւ այլն: Ըստ
նախարարի՝ բարձրագույն կրթության գծով նախատեսված է 11437.7 միլիոն դրամ, որը
2014 թվականի համեմատ աճել է 17,6 տոկոսով: Արմեն Աշոտյանը նշել է, որ
գիտության ֆինանսավորման աճը համամասնական չէ եւ կարեւորել է գիտաշխատողներին
տրվելիք հավելավճարները, որոնց համար նախատեսված է 938 միլիոն դրամ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ 2015 թվականին նախատեսված
ծրագրերը բխելու են Հայրենիք-Սփյուռք համաժողովից եւ Հայոց ցեղասպանության
100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից: Տիկին Հակոբյանը նշել է, որ «Արի
տուն» ծրագրի ֆինանսավորումն ավելացել է 15 միլիոն դրամով: Նա առանձնացրել է
Հայաստանում սիրահայերի եւ իրաքահայերի ինտեգրման ուղղությամբ կատարվող
աշխատանքները եւ ֆինանսական ծախսերը:
Հանգստի, մշակույթի, կրոնի բնագավառների ծրա•րերի ֆինանսավորման նպատակով
2015 թվականին նախատեսվել է հատկացնել 26,118.4 միլիոն դրամ, իսկ մշակութային
ծառայությունների ոլորտի համար նախատեսված 13,393.2 միլիոն դրամ՝ 2014
թվականի 1,806.7 միլիոն դրամի դիմաց: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն
առանձնացրել է այն առանցքային ծրագրերը, որոնց ուղղությամբ նախարարությունն
աշխատելու է 2015 թվականին: Հանգստի եւ սպորտի ծառայությունների համար
նախատեսված է 1.850.1 միլիոն դրամ՝ 2014 թվականի 1,806.7 միլիոն դրամի դիմաց:
Ռադիո եւ հեռուսատահաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական
ծառայությունների իրականացման համար 2015 թվականին նախատեսված են 8,830.2
միլիոն դրամի հատկացումներ: Իսկ երիտասարդական ծրագրերի իրականացման համար
նախատեսված է 826.6 միլիոն դրամ՝ 2014 թվականի 613.4 միլիոն դրամի փոխարեն:
Համատեղ նիստի ավարտին ոլորտների պատասխանատուները՝ ՀՀ կրթության եւ
գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ
մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի
նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային
հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ՀՀ հանրային
հեռուստառադիոընկերության խորհրդի նախա•ահ Ռուբեն Ջաղինյանը, պատասխանել են
պատգամավորների հարցերին:
Նմանատիպ նյութեր
1684 դիտում
22:23 30-10-2014
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»