211652_close_icon
views-count1059 դիտում article-date 12:47 14-10-2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդի հետ

ԱՄն կատարած աշխատանքային այցի վերջին օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի հետ: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը: «Մակրոտնտեսական հարցերում ԱՄՀ-ն եղել և մնում է մեր կարևոր գործընկերը: Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի անկախացումից ի վեր մեր կարևորագույն ձեռքբերումներից է, ինչին տարիների ընթացքում մեծապես նպաստել է ԱՄՀ-ն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նշել է, որ տարեսկզբին ԱՄՀ խորhրդի կողմից հաստատված եռամյա ծրագիրը զարգացման նոր փուլ է նախանշում Հայաստանի տնտեսության համար՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանն ընդհուպ կմոտենա զարգացող շուկաներ ունեցող երկրների ճամբարին: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ կառավարությունը վճռական է տրամադրված շարունակելու բարեփոխումները տարբեր ոլորտներում՝ ուղղված տնտեսության զարգացմանը և երկրի մրցունակության բարձրացմանը: ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը, ողջունելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին և կարևոր համարելով Հայաստանի հետ հետագա համագործակցությունը, նշել է. «ԱՄՀ-ն բոլորի տունն է և Հայաստանը այդ ընտանիքի լիիրավ անդամն է: Հայաստանը վստահելի գործընկեր է և մենք շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի հետ և օժանդակելու տնտեսության զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներին»: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր