1451 դիտում
13:12 08-10-2014
Շարունակվում է Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան. ֆոտոշարք
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հրանտ Գրիգորյանը, Արծվիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Տաճատ Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանը և Թևան Պողոսյանը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հրապարակում: Այնուհետև պատվիրակությունն ուղևորվել է Վրաստանի Նախագահի նստավայր:
Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային, քաղաքական և տնտեսական ոլորտներում միջպետական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Վրաստանի Նախագահի հետ հանդիպման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ, որը վտանգ է ներկայացնում բոլոր երկրների համար: «Այն ահռելի գումարները, որոնք Ադրբեջանը և Թուրքիան ծախսում են հարձակողական զենք ձեռք բերելու համար, կարող են ուղղվել կայունություն հաստատելուն և վստահության մթնոլորտ ձևավորելուն` ներգրավելով տարածաշրջանի բոլոր երկրները»,-նշել է Գալուստ Սահակյանը:
Այնուհետև միջպետական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցերը քննարկվել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում վերջին տարիներին ձևավորվել են հստակ ուղղություններ: Դրանք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառները: Գալուստ Սահակյանը կարևորել է Վերին Լարսի սահմանային անցակետի անխափան գործունեությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով բազմաթիվ վիրահայերի խնդրանքներին, դիմել է Վրաստանի վարչապետին. «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել և աջակցությունը խնդրել՝ դյուրացնելու մշտական կացության իրավունքի տրամադրումը հայազգի վրաստանաբնակ այն քաղաքացիներին, որոնք, մեկնելով արտագնա աշխատանքի, ստացել են այլ երկրների քաղաքացիություն: Վրաստանում օրենսդրական փոփոխությունների հետևանքով նրանք հայտնվել են դժվար կացության մեջ՝ հնարավորություն չունենալով մշտապես բնակվել իրենց ընտանիքների հետ»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, փաստել է, որ ՀՀ ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան երկու երկրների բարեկամության և եղբայրության վկայությունն է: Անդրադառնալով Վրաստանում վիզային ռեժիմին առնչվող օրենսդրական փոփոխություններին՝ Վրաստանի վարչապետը տեղեկացրել է. «Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ մենք ստացել ենք աշխատանքային պլան: Դրանով են պայմանավորված վիզային ռեժիմի նոր կարգավորումները, որոնցից ելնելով՝ հարկ եղավ օրենսդրությունը ենթարկել որոշակի փոփոխության: Պետությանն իրավունք է վերապահված որոշ երկրների կամ քաղաքացիների նկատմամբ արտոնություններ սահմանելու: Այդ հարցին անպայման լուծում կտրվի»,-վստահեցրել է վարչապետը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որից հետո Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրել հայ մեծերի շիրիմներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1124 դիտում
18:23 29-11-2014
Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ
4360 դիտում
14:23 18-12-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
987 դիտում
15:22 28-11-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատանքային այցը շարունակվում է. ֆոտոշարք
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»