211652_close_icon
views-count1033 դիտում article-date 18:49 04-10-2014

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին

ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը՝ 2014 թ. հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը կանցկացնի «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը: Այս տարի ծրագիրը նվիրվում է հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին։ «Կինոաշնան» բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ՀՀ Լոռու մարզկենտրոնում՝ Վանաձորում։ Ազգային կինոամիսը կմեկնարկի «Փարաջանով» խաղարկային լիամետրաժ կինոնկարի և Վանաձորի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Ավանդույթի համաձայն «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը միաժամանակ կմեկնարկի Երևանի վարչական տարածքներում և Հայաստանի մարզերում, ուր մեկ ամիս շարունակ կցուցադրվեն հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմեր, ինչպես նաև «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի տարբեր տարիների թողարկումները։ «Կինոաշնան» շրջանակներում կնշվեն Առնոլդ Աղաբաբով-85, Բագրատ Հովհաննիսյան-85, Արման Մանարյան-85, Գենադի Մելքոնյան-70 հոբելյանները։ Նշվելիք հոբելյանների առիթով կկազմակերպվեն հայ մեծանուն կինոգործիչների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, մարզերում և Երևանի վարչական շրջաններում կանցկացվեն հոբելյանական երեկոներ, իսկ բուհերի ուսանողների մասնակցությամբ կանցկացվի կլոր սեղան՝ «Մեր մեծերը» խորագրով: Կինոգործիչների և մասնավորապես երիտասարդների շրջանում լայն արձագանք է ստացել նաև «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում կազմակերպվող գրախոսականների մրցույթը։ Ինչպես ամեն տարի, կինովերլուծական աշխատանքները կտպագրվեն օրաթերթերում և Կինոկենտրոնի «Կինոաշխարհ» ամսաթերթում: 2014 թ. «Կինոաշնան» շրջանակներում հատուկ ծրագիր կներկայացվի հայկական բանակի և արցախյան ազատամարտի թեմայով, որոնք կներառվեն և՛ հիմնական կինոցուցադրումների ծրագրում, և՛ կներկայացվեն մի շարք զորամասերում, սահմանամերձ գյուղերում և բնակավայրերում: «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը կեզրափակվի ՀՀ Արարատի մարզկենտրոնում՝ Արտաշատում, նոյեմբերի 7-ին՝ գրախոսականների և ֆիլմերի մրցույթների ամփոփումով:

Նմանատիպ նյութեր