211652_close_icon
views-count2264 դիտում article-date 20:05 09-09-2015

Այս տարի Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2015-2016 թթ. համերգաշրջանը կազդարարվի Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով, որը նվիրվում է նվագախմբի հիմնադրման 90-ամյակին: Փառատոնն իրականացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ /գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյան և Ալեքսանդր Չաուշյան/: Փառատոնը կանցկացվի 2015 թ. սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 28-ը, համերգների սկիզբը՝ ժամը 19:00-ին: Փառատոնի հանդիսավոր բացումը` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, համերգները և փառատոնի փակումը` Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնի բացմանը Բրուխի ջութակի կոնցերտի կատարմամբ հանդես կգա ճանաչված ջութակահար Վադիմ Ռեպինը (ՌԴ): Փառատոնային ծրագիրը կներառի 8 սիմֆոնիկ և 6 կամերային համերգներ: Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի և արտերկրի շուրջ երեք տասնյակ անվանի երաժիշտ-կատարողներ՝ Վադիմ Ռեպին (ջութակ, Ռուսաստան), Լեյֆ Օվե-Անդսնես (դաշնամուր, Նորվեգիա), Քիմ Քաշքաշյան (ալտ, ԱՄՆ), Ալեքսանդր Չաուշյան (թավջութակ, Մեծ Բրիտանիա), Մարիաննա Շիրինյան (դաշնամուր, Դանիա), Բարրի Դուգլաս (դաշնամուր, Մեծ Բրիտանիա), Վենցել Ֆուքս (կլարներտ, Գերմանիա), Իդա Կավաֆյան (ջութակ, ԱՄՆ), Անի Կավաֆյան (ջութակ, ԱՄՆ), Լևոն Չիլինկիրյան (ջութակ, Մեծ Բրիտանիա), Բորոդին քառյակ (Ռուսաստան), Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գի (դաշնամուր, Ֆրանսիա), Ակիկո Սուվանքայ (ջութակ, Ճապոնիա), Քսավիեր Ֆիլիպս (թավջութակ, Ֆրանսիա), Քրիստոֆ Պոպպեն (դիրիժոր, Գերմանիա), Անուշ Նիկողոսյան (ջութակ, Հայաստան), Պիեր Կառլո Օրիցիո (դիրիժոր, Իտալիա), Մասսիմո Մերչելլի (ֆլեյտա, Իտալիա), Ռադեկ Բաբորակ (գալարափող, Չեխիա), Արամ Թալալյան (թավջութակ, Հայաստան), Արթուր Ավանեսով (դաշնամուր, Հայաստան), Անժելա Սարգսյան (թավջութակ, Հայաստան), Սոֆյա Վարդանյան (ջութակ, Հայաստան), Աննա Եսայանց (ալտ, Հայաստան): Փառատոնի շրջանակում հրավիրյալ մենակատարները վարպետության դասեր կանցկացնեն երիտասարդ հայ երաժիշտ-կատարողների հետ: Ս. թ. սեպտեմբերի 9-ին, Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշարին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը, ջութակահար Վադիմ Ռեպինը (ՌԴ), ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը, Արամ Խաչատրյան համերգասրահի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:

Նմանատիպ նյութեր