Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ Մինսկում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Ռումասին:
Հոկտեմբերի 10-ին Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ-ի ու Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը: Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու ու Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու իր մտադրության մասին հայտնել է 2013 թվականի սեպտեմբերին:
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրել են այս տարվա մայիսի 29-ին Աստանայում: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: ՌԴ Պետդուման պայմանագիրը վավերացրել է սեպտեմբերի 26-ին: