211652_close_icon
views-count2670 դիտում article-date 12:01 02-10-2014

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը, ով վերջերս «Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ»-ում ինքնավնասում էր արել` գամելով ոտքերը, շարունակում է հանդիպում պահանջել Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: Նրա կինը` Կարինե Հակոբյանը, բաց նամակով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Ամուսինս` Արտակ Հակոբյանը, «Արթիկ» ՔԿՀ-ից շտապ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»` բուժում ստանալու, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի օրվա պատասխանատու հերթապահը` Սմբատ Հակոբյանը, դիտավորությամբ, միտումնավոր կռիվ է սկսում ամուսնուս հետ` նրան դրդելով ինքնավնասման: Ամուսինս գամում է ոտքերը,կտրում ոտքերի և ձեռքերի զարկերակները: Երեկ` հոկտեմբերի 1-ին, կարճատև տեսակցության էի գնացել ամուսնուս մոտ: Առանց չափազանցության պետք է ասեմ, որ նա, բառիս բուն իմաստով, կիսամեռ վիճակում էր: Բժիշկներն էլ, կարծես, պատվեր կատարելով, ոչ մի օգնություն նրան չեն ցուցաբերում: Նույնիսկ դատաբժիշկ չի այցելել Արտակին սեպտեմբերի 26-ից առ այսօր: Ամուսնուս սպիներից անդադար թարախ է հոսում, և սա, միանշանակ, Սմբատ Հակոբյանի գործողությունների հետևանքն է: Հարգելի՛ Նախագահ, ներողություն եմ խնդրում Ձեզնից, որ իմ ընտանիքում տիրող նման հարցով անհանգստացնում եմ Ձեզ: Սակայն Դուք եք մնացել մեր վերջին հույսը: Խնդրում ենք Ձեզ` հանձնարարել իրավապահ համապատասխան մարմիններին, որպեսզի քննություն իրականացնեն և քրեական գործ հարուցեն ամուսնուս այդ վիճակին հասցնողի նկատմամբ: Մեր խնդրանքը մերժելու և այս հարցին ընթացք չտալու դեպքում ողջ ընտանիքով կհավաքվենք նախագահական նստավայրի առջև և անժամկետ հացադուլ կհայտարարենք: «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կին` Կարինե Հակոբյան»:

Նմանատիպ նյութեր