211652_close_icon
views-count53905 դիտում article-date 09:52 16-09-2014

Ողբերգական ավտովթար Երևանում. 2 մանկահասակ երեխաների հայրը տեղում մահացել է. ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի և Նոր Արեշ 34 փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կա մահացած: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Samand մակնիշի 34 ՍA 694 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոց Նոր Արեշ 34 խաչմերուկի ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով վարորդը՝ Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 22-ամյա Մեսրոպ Ղուկասյանը, տեղում մահացել է: Իսկ ուղևորուհին՝ 20-ամյա Քրիստինա Մարիենկոն, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 Շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները Շտապօգնության բժիշկների հետ դուրս են բերել մահացածի դին, որից հետո հոսանքազրկվել է ավտոմեքենան և դադարեցվել գազի օգտագործումը: Օպերատիվորեն ժամանել էին Էրեբունի վարչական շրջանի սանմաքրման աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում տարածքը մաքրեցին վթարի հետքերից: Դեպքի վայրում մահացածի հարազատները հայտնեցին, որ Մեսրոպը ամուսնացած էր, խնամքին ուներ 2 մանկահասակ երեխա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր