Մեր մրցակիցներին ցույց տվեցինք, որ Դանիան ուժեղ հավաքական ունի. Պիեր-Էմիլ Հոյբերգ
Դանիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Պիեր-Էմիլ Հոյբերգը մեկնաբանել է Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավքականի նկատմամբ տարած հաղթանակը: Հիշեցնենք, որ Կոպենհագենում կայացած խաղն ավարտվեց դանիացիների 2:1 հաղթանակով, իսկ գոլերից մեկը հեղինակեց 19-ամյա Հոյբերգը:
«Իհարկե, շատ էլ լավ է, որ ընտրական փուլ սկսեցինք հաղթանակով: Խաղասկզբում մենք խնդիրներ ունեցանք, որից հետո հայերը գոլ խփեցին: Մեզ ոչինչ չէր մնում, քան մեծ ուժերով առաջ նետվել: Այդպես մենք խփեցինք երկու գոլերը և երեք միավոր վաստակեցինք:
Իրականում շատ տարօրինակ խաղ ստացվեց: Մենք ամբողջ խաղի ընթացքում մեծ առավելություն ունեինք, սակայն մրցակիցը մեկ դիպուկ հարված կատարեց և հաշիվը դարձավ 0:1: Այդ պահին մեր գործերը շատ վատ էին ընթանում: Սակայն գոլ բաց թողելուց հետո սկսեցինք լավ խաղալ և կամք դրսևորեցիք: Շատ կարևոր է, որ մենք ցույց տվեցինք մեր խմբի մյուս թիմերին, որ Դանիան ուժեղ հավաքական ունի»,-Հոյբերգի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: