Քաղաքական սկանդալ՝ Ավստրիայի և Ադրբեջանի միջև. ավստրիացի լրագրողուհուն թույլ չեն տվել Բաքու մտնել
Ադրբեջանն ավստրիացի լրագրողուհի Յուտտե Բաուերին, ով Հարավային Կովկասում գտնվող Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած պատվիրակությանն էր ուղեկցում, հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել:
Ինչպես փոխանցում է ավստրիական Der Standart-ը, լրագրողուհին այցելել է միայն Հայաստան և Վրաստան: Ադրբեջանական կողմն իր քայլը պատճառաբանել է հետևյալ կերպ. Բաուերը Ադրբեջանի «սև ցուցակում» է, քանի որ 2011 թվականին այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ «առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության»: Բացի այդ, նա «բարկացրել է ադրբեջանական իշխանություններին Ադրբեջանին հասցեագրված իր քննադատություններով և կարող է վիզա ստանալ, եթե պաշտոնապես ներողություն խնդրի Արցախ այցելելու համար»:
Միևնույն ժամանակ ավստրիական լրատվամիջոցները գրում են, որ Ավստրիայի արտգործնախարարը պատրաստվում է Ադրբեջանում բարձրացնել այդ երկրում խոսքի ազատության հետ կապված մեծ խնդիրը: