Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթաժողովում. Ջ. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանում է այնպես անել, որ պահպանվի հրադադարի ռեժիմը: Հուլիսի 31-ից սրված իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացրել համանախագահների մոտ: Այս մասին Turan գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա ընդգծել է, որ ոչ ոք չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության սրումը և կրկին հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրին ռազմական լուծում չի լինի:
Ուորլիքը չի բացառել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ուելսում հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում: Նա նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին անձամբ պատրաստ է դերակատարություն ունենալ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, եթե իր մասնակցությունը կօգնի նպատակին հասնել: Ուորլիքի խոսքով՝ հարցը միայն արտգործնախարարների կամ նախագահների մակարդակով հանդիպումներ անցկացնելը չէ, այլ այն, որ հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացը հարկավոր է վեր հանել ավելի բարձր մակարդակի: