Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են ՀԱՊԿ-ին համարժեք կառույց ստեղծել
Այսօր Նախիջևանում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, որի ավարտից հետո ռազմակն փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտնել է, որ այդ երկրները մտադիր են ստեղծել ՀԱՊԿ-ի նման կառույց՝ անվանելով այսօրվա հանդիպումը ապագա կառույցի ստեղծման սկզբնական փուլ:
Ջաֆարովի խոսքով՝ ներկայումս Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա է լիարժեք ռազմական համագործակցություն:
«Այդ պետությունները մտադիր են ռազմական միավորում ստեղծել, որը կարող է ժամանակի ընթացքում իրեն գրավել ՀԱՊԿ-ի անդամ պետություններին»,-ասել է նա՝ հավելելով, որ նախաձեռնությունը Թուրքիային է պատկանում: Նախիջևանյան հանդիպումից հետո նախատեսված են հանդիպումներ Թբիլիսիում և Ստամբուլում, ինչից հետո պարզ կդառնա՝ կստեղծվի այդ միասնությունը, թե ոչ:
«Սկզբնական փուլում համաձայնագիրը կարող են ստորագրել Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը: Սակայն հեռանկարում տվյալ կազմակերպությանը կարող են անդամակցել նաև մի շարք թյուրքալեզու երկրներ` ներառյալ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը»,-նշել է Ջաֆարովը: