Ամեն դեպքում ես սիրում եմ հարձակվողական ֆուտբոլ. Սարգիս Հովսեփյան
«Փյունիկ» – «Գանձասար» մրցավեճից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Խաղի սկիզբը մեկնարկեց այնպես, ինչպես պլանավորել էինք: Խաղում էինք սուր հակագրոհների վրա՝ հասկանալով որ «Գանձասարը» խնդիրներ ունի պաշտպանությունում, ինչի հետևանքով գոլ խփեցինք: Երկրորդ խաղակեսում ինչ-որ չափող խաղը կորցրինք, բայց երկրորդ գոլը տղաներին գցեց հունի մեջ, ուղղեցին խաղը:
«Գանձասարի» խաղը ուսումնասիրել էինք, ըստ որի ճիշտ մարտավարություն էինք ընտրել: Եթե ունես երկու լավ հարձակվող, դա, իհարկե, օգուտ է, հակառակորդն ավելի պաշտպանողական խաղ է խաղում: Ամեն դեպքում ես սիրում եմ հարձակվողական ֆուտբոլ:
Ղուկասի վնասվածքից տեղեկություն չունեմ, պարզ կլինի հետազոտությունից հետո: Սեզար Ռոմերոն լավ որակներ ունի, այսօր մի քանի դրվագներում նա դա ցույց տվեց: Սա իր առաջին պաշտոնական խաղն էր, համոզված եմ, որ նա ավելի լավ ֆուտբոլ կխաղա: Հնարավոր է նոր համալրումներ ունենանք:
Արտավազդ Բոյաջյանին շնորհակալ եմ, նա նվիրվեց ինչքան կարող էր, նույնիսկ իր ուժերից ավելի խաղաց և օգնեց թիմին: Դարպասապահների հարցում այնքան էլ չեմ խառնվում: Իհարկե հետևում եմ մարզումներին, բայց լիովին վստահում եմ մեր դարպասապահների մարզչին՝ Հայկ Կիրակոսյանին, ու ընդունում դարպասապահների վերաբերյալ նրա որոշումները», -Հովեսփյանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: