Հրազդանի կիրճում շարունակվում են փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները
Մայիսի 21-ին փլուզվել էր մայրաքաղաքի Հրազդանի կիրճի` Երևանի ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տեղում նախ մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ փլուզումը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման հետևանք էր: Սա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Այս մասին է հայտնում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման և այլ հետազոտություններ են անցկացրել «Հայջուրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետները: Մինչ ճանապարհային բուն հատվածի վերականգնման աշխատանքները՝ անցկացվել է ջրահեռացման խողովակ, ուր լցվում են ճանապարհին հարակից ջրավազանից հոսող ջրերը և թափվում Հրազդան գետ:
Կառուցվել է նաև ցամաքուրդային համակարգ`ստորգետնյա ջրերի հոսքը կարգավորելու համար: Ներկայում, կոմունիկացիոն աշխատանքներին զուգահեռ, ընթանում են նաև փլուզված ճանապարհահատվածի վերականգնման նախնական աշխատանքները: