211652_close_icon
views-count1225 դիտում article-date 16:49 03-09-2014

Հրազդանի կիրճում ավարտվել են փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Մայրաքաղաքի Հրազդանի կիրճի` Երևանի ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածում մայիսի 21-ին փլուզում էր տեղի ունեցել: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախ մասնագիտական ուսումնասիրություններ էին կատարվել, որոնց արդյունքում պարզվել էր, որ փլուզումը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական հատվածի վրա տեղադրված բետոնե սալի քայքայման հետևանք էր: Նախորդ դարի 30-ական թվականների կառույցի նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման և այլ հետազոտություններ են անցկացվել: Մինչ ճանապարհային բուն հատվածի վերականգնման աշխատանքները, անցկացվել է ջրահեռացման խողովակ, ուր լցվում են ճանապարհին հարակից ջրավազանից հոսող ջրերը և թափվում Հրազդան գետ: Կառուցվել է նաև ստորգետնյա ջրերի հոսքը կարգավորող համակարգ: Այնուհետ մեկնարկեցին փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները` հատուկ ուշադրություն դարձնելով տեխնոլոգիական նորմերի պահպանմանը: Ըստ այդմ, նորերով են փոխարինվել բոլոր հին ենթակառուցվածքները, որից հետո ճանապարհի բուն երթևեկելի հատվածի խճապատումից ու տոփանումից հետո իրականացվել է երկշերտ ասֆալտապատում: Փլուզված ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներն ավարտվել են օգոստոսի 31-ին և նույն օրվանից վերականգնվել է տվյալ հատվածի լիարժեք երթևեկությունը:

Նմանատիպ նյութեր