211652_close_icon
views-count7945 դիտում article-date 17:26 25-03-2016

Շարունակվում են Արտաշատի խճուղի - Շիրակի փողոց ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակում կառուցվող Արտաշատի խճուղի - Շիրակի փողոց ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին: Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է: Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակում 8-9 մետր բարձրությամբ լիցքի վրա կառուցվող շրջանաձև երթևեկությամբ ճանապարհը կկապի Արշակունյաց պողոտան Շիրակ փողոցին։ Լիցքի մեջ կառուցվում են նաև 2 թունելային ուղեանցեր՝ երկաթուղու և Նորագավիթ 1-ին փողոցի երթևեկությունն ապահովելու համար։ Ճանապարհների հանդիպակաց երթևեկելի գոտիները տարանջատվելու են «նյու ջերսի» տիպի երկաթբետոնե կառուցվածքներով։ Զեկուցվել է, որ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով կառուցվող 270 մ երկարությամբ և մոտ 9 մ բարձրությամբ էստակադայի շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Առաջիկայում կմեկնարկեն նաև հետիոտնային վերգետնյա անցման կառուցման աշխատանքները: Վահե Նիկոյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների որակն ու հետևել, որ գործընթացն ավարտվի նախատեսված ժամկետում: Հարկ է նշել, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում 2014թ. առաջին փուլով ամբողջովին վերակառուցվեց Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածը, որի շրջանակում լայնացվեց այդ հատվածը, ամբողջությամբ փոխվեցին ենթակառուցվածքները՝ ջրագծեր, կոյուղատարներ, էլեկտրագծեր, նաև եվրոպական չափանիշների համաձայն արդիականացվեց ճանապարհի լուսավորության համակարգը՝ այն վերազինելով էներգախնայող LED տիպի լուսատուներով։

Նմանատիպ նյութեր