Ոսկեհատ գյուղում հարբեցող Մանուկը սպառնացել է հրացանով սպանել հարեւանի կնոջը եւ բենզինով այրել է նրանց տնակը
Էջմիածնի Ոսկեհատ գյուղում, քինախնդրությունից դրդված, հարբեցող Մանուկը այրել է Հարությունյանների դոմիկը եւ սպառնում է սպանել ընտանիքի մորը:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց 35-ամյա Անժելա Հարությունյանը: Նա նշեց, որ օրեր առաջ է համագյուղացի Մանուկը այրել իրենց «դոմիկում», որտեղ ապրում էր ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ, որոնցից մեկն էլ հաշմանդամ է:
«Վեց տարի է՝ այդ «դոմիկում» էինք ապրում: Մանուկի ընտանիքը նրան իր հարբեցողության համար լքել է: Մի քառասուն օր առաջ, երբ սկեսրայրս հոգին էր տալիս, եկել էր, մեր բակում հայհոյում էր եւ կրակում: Ամուսինս նրան դուրս արեց եւ նա մուռ էր պահում: Մի քանի անգամ հողագործության ժամանակ հրացանով սպառնացել է, որ ինձ կսպանի: Ու իրա վատությունը «դոմիկը» այրելու ձեւով արեց: Երբ դաշտում հող ենք մշակելուց եղել, բենզինը լցրել, «դոմիկը» այրել է: Հրշեջները հաստատեցին, որ «դոմիկը» բենզինով են այրել»,- ասաց Անժելա Հարությունյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ արդեն ոստիկանությունում էլ են հանցագործության մասին հայտարարություն տվել: