211652_close_icon
views-count15205 դիտում article-date 10:47 01-08-2014

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով սպանված 20-ամյա Արարատը ընտանիքի միակ տղան էր, 4 ամսից վերադառնալու էր

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 31-ին զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանը ընտանիքի միակ տղան էր։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը: Նա ասաց, որ Արարատին 4 ամիս էր մնում ծառայությունը ավարտելու համար: «Ջոկի հրամանատար, շատ լավ ծառայող էր: Հայրը ուրիշ կնոջից մի տղա էլ ունի, ով Ռուսաստանում է եւ տեղեկանալով այդ մասին՝ արդեն վերադառնում է: Այս կնոջից միայն Արարատն էր եւ իրենից փոքր մեկ քույր ունի: Արարատը հոր արհեստով էր զբաղվում. մեքենաներ էր վերանորոգում եւ ծառայությունից վերադառնալուց հետո որոշել էր այդ արհեստով զբաղվել: Փոքրուց էր այդ արհեստով աշխատում»,- ներկայացրեց գյուղապետը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հուլիսի 31-ին հակառակորդի հարձակումից զոհվել են 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր ԼՂ Պն մամուլի ծառայությունից: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ հակառակորդի դիվերսիոն հարձակման հետևանքով այսօր՝ հուլիսի 31-ին, զոհվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի 2 զինծառայողներ: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր