211652_close_icon
views-count2070 դիտում article-date 14:58 21-07-2014

Հայաստանում կգործի դատաբժշկական փորձաքննությունների միասնական կանոնների համակարգ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման և իրավաբանական վարչությունների մասնագետները մշակել են «Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը և տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի հերթական քննարկումը տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ: ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկության գծով գլխավոր մասնագետ Մհեր Բիշարյանը նշեց, որ նախագծի ընդունումը բխում է ներկայումս գործող դատաբժշկական փորձաքննության անցկացման երկընտրելի չափորոշիչները վերանայելու անհրաժեշտությունից և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի միջնորդությունից: Նրա խոսքով` իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի նվազագույնի հասցնել կրկնակի, լրացուցիչ և հանձնաժողովային փորձաքննությունների նշանակումը և անցկացումը, ինչը կբացառի նշված աշխատանքների համար ժամանակի անարդյունավետ վատնումը, չարդարացված ֆինանսական լրացուցիչ ծախսերը, ինչպես նաև քրեական գործերի նախաքննության ժամկետների ձգձգումը: Մեր երկրում իրականացվող դատաբժշկական փորձաքննությունների միասնական կանոնների բացակայությունը պատճառ է դառնում նախաքննությունների անհարկի ձգձգման, քանի որ վիճելի փորձաքննական արդյունքները հիմք են դառնում կրկնակի կամ հանձնաժողովային փորձաքննությունների նշանակման, ինչը բացասականորեն է անդրադառնում նյութերի նախապատրաստման և նախաքննության օրենքով սահմանված ժամկետների պահպանման վրա։ Միաժամանակ պետական բյուջեից դատաբժշկական փորձաքննություններին հատկացված միջոցների օգտագործումը դառնում է ոչ նպատակային, խախտվում են գործում ներգրավված անձանց օրինական իրավունքները և շահերը: Կարծիքներ հնչեցին, որ միասնական կանոնների սահմանումը կնպաստի դատաբժշկական փորձաքննությունների որակի բարձրացմանը, նախաքննության ժամկետների պահպանմանը, կապահովի գործում ներգրավված անձանց իրավունքների և օրինական շահերի ապահովմանը։ Այս դեպքում կնվազեն կամ կբացառվեն երկակի չափանիշներով պայմանավորված ռիսկերը, կտնտեսվեն հատկացվող պետական միջոցները։ Միասնական մոտեցումը մեծապես կնպաստի Հայաստանում դատական բժշկության զարգացմանը, կբարելավի փորձաքննական արդյունքների հավաստիության և օբյեկտիվության աստիճանը: Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը նկատեց, որ դատաբժշկական փորձաքննություններն իրականացնելիս հիմնականում հիմնվում են ռուսական դասակարգումների վրա, մինչդեռ ամբողջ աշխարհում կիրառվում են այլ դասակարգումներ: «Երկու տարին մեկ կամ որոշակի այլ պարբերականությամբ այդ դասակարգումները պետք է վերանայվեն, մշակվեն չափորոշիչներ, ինչպես նաև տպագրվեն համապատասխան մասնագիտական ուղեցույցներ»,- առաջարկեց Ռ. Ֆանարջյանը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում տեղի չի ունենա: Քննարկման ավարտին Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարական տվեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների գործառույթների և կարգավիճակի հստակեցման ուղղությամբ: Նախարարի հանձնարարականի համաձայն ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները կձևավորեն մասնագիտական աշխատանքային խմբեր, ինչը կնպաստի թիմային շարունակական աշխատանքի ապահովմանը: Կառավարության որոշման նախագիծը քննարկվում է մի շարք գերատեսչություններում: Առաջիկա օրերին «Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը և տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները հաստատելու մասին» որոշման նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Նմանատիպ նյութեր