Սևանը կունենա դատաբժշկական փորձաքննությունների իրականացման նոր կենտրոն և դիահերձարան
                        Սևան համայնքի ավագանու հերթական նիստում որոշում է ընդունվել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին կենդանի անձանց և դիակների դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելու, ինչպես նաև դիահերձման համար անհատույց օգտագործման իրավունքով համապատասխան շինության և տարածքի տրամադրման մասին:  
Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/1025906.html]«Արմենպրեսին»[/url] տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  քաղաքի բժկական կենտրոնի նոր շենքի շահագործումից հետո համապատասխան մասնաշենքի ընտրության հարցն արդեն երկու տարի օրակարգային էր, որը և ստացել է վերջնական լուծում՝  համայնքի ավագանու կողմից միաձայն արժանանալով հավանության: 
«Համաձայն որոշման` Սևան համայնքի Կարմիր բանակի փողոցի թիվ 68 / 1 հասցեում գտնվող, Սևան համայնքի սեփականություն հանդիսացող 161,68 քառակուսի մետր մակերեսով շինությունը և աստիճանահարթակը, և սպասարկման 300 քառակուսի մետր մակերեսով հողատարածքներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ Սևանի տարածաշրջանում կենդանի անձանց, դիակների դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելու և դիահերձման համար: Այս որոշման կայացումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ առողջապահության նախարարության պատվիրատվությամբ պետք է սկսվեն շինարարական աշխատանքները, քանի որ  դատաբժշկական փորձաքննությունների իրականացման նոր կենտրոնի և դիահերձարանի շենքի շահագործումը հույժ կարևոր է Սևանի և տարածաշրջանի մյուս համայնքների համար»,- տեղեկացրեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

