211652_close_icon
views-count2930 դիտում article-date 13:01 19-07-2014

Նորածնի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել. 28-ամյա կինը ՌԴ-ից ծննդաբերելու համար եկել էր Հայաստան

3-րդ Մասիվի ծննդատանը մահացած նորածնի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց երեխայի մայրը՝ 28-ամյա Էլվիզա Մուրադյանը: Փոխանցեց նաև, որ երեկ արդեն իրեն հրավիրել էին հարցաքննության: Իսկ մահվան փաստով 8 տարբեր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Է. Մուրադյանը տեղեկացրեց, որ ինքը Ռուսաստանում է բնակվում եւ Հայաստան էր եկել ծննդաբերելու նպատակով: «Այնինչ առաջնեկս մահացավ: Անգամ իմ երեխայի բաբախը լսում էի: Համոզված եմ, որ բժիշկների անփույթ վերաբերմունքի պատճառով է նա մահացել: Իմ վշտի մեջ ինձ նյարդայնացնում է այն հանգամանքը, որ ասում են, թե պորտալարն է փաթաթված եղել կամ ես ու երեխաս հիվանդություններ ենք ունցել, բայց նման բան չկա»,- ասաց մահացած նորածնի մայրը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 3-րդ Մասիվի ծննդատանը նորածին է մահացել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր երեխայի մորաքույրը` Սուսաննա Մուրադյանը , ով, հայտնվելով անելանելի իրավիճակում, Մոսկվայից զանգահարել էր մեզ: Նա ասել էր, որ պտուղը տղա է եղել եւ քրոջ առաջնեկն է, իսկ հայրը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում, ու նրա վիճակն էլ է այս պահին շատ վատ: Նա պատմել էր, որ քույրը հղիության 9-րդ ամսում էր գտնվում: «Վերջին 2 օրերին ճնշումը մինչեւ 140-ի էր բարձրանում: Հարազատները այսօր առավոտ շուտ նրան հիվանդանոց են տեղափոխել: Հիվանդանոց տեղափոխվելիս քույրս արդեն ինձ զանգեց ու ասաց, որ ջրերը գնում են: Բայց նրան հիվանդանոցում առավոտվա 9-ից սիստեմա միացրել, որ արհեստական ցավերի արդյունքում ծննդաբերի: Բայց ինչպե՞ս կարելի է 12 ժամ արհեստական ցավ միացնեն եւ սպասեն, թե երբ է ծննդաբերելու: Հետո զանգում են ծնողներիս, շտապ կանչում հիվանդանոց եւ ասում, որ երեխան մահացած է եւ պատճառաբանում, թե պորտալարը փաթաթված է եղել: Բայց իրականում այնքան են թողել ջրերը քամվի, մինչեւ այդ երեխան շնչահեղձ է եղել»,- պատմել էր Սուսաննա Մուրադյանը եւ ավելացրել, որ մյուս քույրը տեսել է մահացած երեխային եւ ասել, որ փոքրիկը սպիտակ երեխա է եղել: Այնինչ, ըստ նրա, եթե երեխան պորտալարի փաթաթվելու պատճառով մահացած լիներ, նա կապտած կծնվեր:Մահացած նորածնի հարազատները իրավապահներին խնդրում են ընթացք տալ գործին եւ օբյեկտիվ քննություն իրականացնեն՝ երեխայի մահվան պատճառները պարզելու եւ մեղավորներին պատժելու համար: Իսկ հիվանդանոցից ասել էին, որ ոչինչ չեն կարող ասել, մինչեւ դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ չլինեն:

Նմանատիպ նյութեր