Արցախում են քիթ-կոկորդ-ականջաբանները
Ինչպես նախապես տեղեկացվել էր, ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով հունիսի 27-ին և 28-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում հիվանդների հետ խորհրդատվություն է իրականացնում «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը:
Հունիսի 27-ին Արթուր Շուքուրյանը իրականացրել է խորհրդատվություն 120 հիվանդների հետ , որոնցից 4-ն այսօր կենթարկվեն վիրահատության:
Պրոֆեսորի այցի հեռահար նպատակներից է նաև Արցախում քիթ-կոկորդ-ականջաբանություն ծառայության զարգացումը:
Ծանոթանալով համակարգին` պրոֆեսոր Շուքուրյանը բարձր է գնահատել տեղի բժիշկների մասնագիտական հմտությունները, մասնավորապես` հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցում: Սակայն, մասնագետի դիտարկմամբ, ոլորտն այսօր համակողմանի զարգացման կարիք ունի` նոր և ժամանակակից սարքավորումների ձեռքբերում, մասնագետների վերապատրաստում և, առհասարակ, բուժօգնության որակի բարձրացում:
Արթուր Շուքուրյանը հավելել է, որ բարձաձայնված խնդիրներն այցի ավարտին արդեն առաջարկների տեսքով ներկայացնելու են ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին:
Նա հավաստիացրել է, որ ԼՂՀ առողջապահության նախարարության հետ համգործակցությունը շարունակական է լինելու: