Ողբերգական վրաերթ` Արարատի մարզում. 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
                        Այսօր՝  հունիսի 13-ին,  ողբերգական վրաերթ  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում  ՎԱԶ 21015 մակնիշի 35 VL 609 համարանիշի ավտոմեքենայի վարորդը  Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի Վանաշեն գյուղի վարչական տարածքում,  նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն,   Վանաշեն գյուղի բնակիչ 12-ամյա Աննա Հովհաննեսյանին:
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ա. Հովհաննեսյանը Վեդու  հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահանում է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
 Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է   ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Արշակ Թարվերդյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո վարորդն ավտոմեքենայով բախվել է  գազատար խողովակին ու հիմա դեպքի վայրում ՃՈ տեսուչ Ռուստամ Ռուստամյանը,  գազի համապատասխան ծառայության աշխատողների հետ,  փորձում են ավտոմեքենան,  քննիչի հանձնարարականով քարշակով տեղափոխել ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա.  Հովհաննեսյանը սովորում էր Վանաշենի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում, իսկ վրաերթ կատարողը եղել է ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր ոստիկանության ավագ լեյտենանտ 30-ամյա Արտակ Աշոտի Բարսեղյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

