Մեկնարկեց դպրոցների անվտանգության գնահատման ծրագիրը
Հունիսի 13-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում պաշտոնապես ազդարարվեց «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման» ծրագրի մեկնարկը:
Այն իրականացնելու է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը` ԱՄՆ աղետների միջազգային աջակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների, քաղաքաշինության, կրթության և գիտության նախարարությունների հետ համատեղ:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ կառավարության կրթական հաստատությունների աղետների ռիսկի նվազեցմանը և երեխաների անվտանգությանը բնական վտանգավոր երևույթներից՝ Հայաստանի առավել ռիսկային տարածքներում գտնվող առավել ռիսկային դպրոցների ազգային գնահատման ծրագրի մշակման և իրականացման միջոցով:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ փոխնախարար Դ. Կարապետյանը` ներկաներին փոխանցելով ԱԻ նախարար Ա. Երիցյանի ողջույնի խոսքը.
- Վերջին տարիներին Հայաստանում աղետների ռիսկի կառավարման համակարգը զգալի առաջընթաց է ապրել, որը սակայն լիարժեք չի լինի, եթե հաշվի չառնվեն բոլոր խավերի կարիքները: Աղետների ռիսկերի վերաբերյալ երեխաների իրազեկումն ու ուսուցումը մշտապես գտնվում են ԱԻՆ ուշադրության կենտրոնում: Այն փաստը, որ ծրագիրն իրականացվում է մի քանի կառույցի կողմից, ևս վկայում է այն մասին, որ երեխաների անվտանգությունը համընդհանուր մտահոգության առարկա է:
Քաղաքաշինության փոխնախարար Ա. Ղուլարյանը, շնորհակալություն հայտնելով ծրագրին աջակցող միջազգային կազմակերպություններին, նշեց, որ դպրոցների շենքերի անվտանգությունն առանցքային խնդիր է, և ծրագրի իրականացման ընթացքում քաղաքաշինության նախարարությունը լինելու է շինարարական նորմերի պահպանման ու դպրոցների շենքերի խոցելիության գնահատման երաշխավորը:
ԱՄՆ ՄԱԶԳ Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Քեթրին Դոուն և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսն իրենց խոսքում ընդգծեցին, որ ուրախ են աջակցել այս չափազանց կարևոր նախաձեռնությանը:
Ծրագրի խնդիրները ներկայացրեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տ. Թովմասյանը: Դրանք են`
• նպաստել դպրոցների անվտանգության քարտեզի մշակմանը, որը ներկայացնում է Հայաստանում սեյսմիկ և այլ աղետների ռիսկին ենթակա դպրոցները.
• բացահայտել առավել ռիսկային դպրոցների տիպերը՝ դպրոցների շինարարական նախագծերի վերլուծությունների ուսումնասիրության միջոցով, որն հիմնական նպատակն է պարզել դրանց համապատասխանությունն առկա սեյսմիկ շինարարության նորմերին.
• բացահայտել երկրի ամենախոցելի 60 դպրոցները՝ ամենախոցելի տարածքներում կառուցված դպրոցների ակնադիտական և գործիքային մանրամասն ուսումնասիրության միջոցով` ներառյալ դպրոցական շենք-շինությունների ուժեղացման կամ փոխարինման նախահաշիվը.
• ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկներ դպրոցների սեյսմիկ ուժեղացման կամ փոխարինման վերաբերյալ, որը ներառում է առաջնահերթ դպրոցները, անհրաժեշտ գործողությունները, ծախսերը, ֆինանսավորման աղբյուրները և ժամանակացույցը:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության Կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զ. Խլղաթյանը խոսեց դպրոցների անվտանգության գնահատման մեթոդների մասին:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015 թ. փետրվարին, որից հետո կարող են գործնական քայլեր ձեռնարկվել հայտնաբերված ռիսկային դպրոցների ամրացման ուղղությամբ: