211652_close_icon

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը միասնության և ՀԱԵ-ի պաշտպանության կոչ է անում

views-count784 դիտում article-date 20:27 06-11-2025
Հոգևոր և ազգային արժեքների միասնականության և պաշտպանության կոչ է արել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը: Այս մասին ասված է թեմի տարածած հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականությունը խորին մտահոգություն է հայտնում և խստորեն դատապարտում Հայաստանի իշխանությունների հակասահմանադրական, աստվածընդդեմ, եկեղեցա-զավթողական և հակաեկեղեցական գիծը, այդ թվում՝ մտացածին մեղադրանքներով հոգևորականների ապօրինի կալանավորումը և նրանց դիտավորյալ վարկաբեկումը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության համար իրենց ձայնը բարձրացրած ազնիվ հայորդիների հետապնդումներն ու ձերբակալությունները։

Շեշտվում է՝ պետական գործիչների կողմից անպարկեշտ և անթույլատրելի բառապաշարով, ինչպես նաև կեղծ ու զրպարտչական տեղեկատվության տարածմամբ ուղեկցվող այս ապազգային արշավը թունավորում է հասարակական գիտակցությունը, թուլացնում ազգային միասնությունը, երկպառակություն ու թշնամանք սերմանում, ինչը Հայրենիքի համար խիստ վտանգավոր է և կործանարար:

«Կոչ ենք անում մեր եկեղեցու հավատավոր զավակներին լինել զգոն, չտրվել իշխանությունների սադրանքներին և չառաջնորդվել հանրային տիրույթում տարածվող վնասակար ստերով, քանի որ այն նողկալի և ատելի է Աստծո համար», - ասված է հայտարարության մեջ:

Թեմը կոչ է անում համազգային միասնականության, հոգևոր և ազգային արժեքների պաշտպանության ու հավատարմության՝ համայն հայության հոգևոր կենտրոն աստվածահաստատ Սուրբ Էջմիածնին:
 

Նմանատիպ նյութեր