211652_close_icon
views-count723 դիտում article-date 16:59 12-06-2014

Սերգո Կարապետյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին, նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական համագործակցությանը, նշելով, որ, ցավոք, կողմերի միջև ստորագրված երկկողմ համագործակցության փաստաթղթերի պահանջների կատարման բնագավառում դեռևս մեծ են չօգտագործված հնարավորություններ, և որ ինքը լիահույս է պարոն դեսպանի աջակցությամբ հնարավորինս ակտիվացնել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Որպես առաջին քայլ՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում Հալալ մակնշմամբ սպանդանոցների շահագործումն արագացնելու խնդրին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար` դեսպանը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելը և նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը: Նախարարը դեսպանին տեղեկացրել է նաև Իրանի գյուղատնտեսության նախարարին այս տարի աշնանը Հայաստան հրավիրելու մտադրության մասին, որը հնարավորություն կընձեռի առավել մանրամասն քննարկել առաջիկա անելիքները և հստակ մոտեցումներ ցուցաբերել կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ի պատասխան իրանցի գործարարների կողմից Հայաստանում եգիպտացորենի արտադրությամբ զբաղվելու հետաքրքրություն ունենալու մասին պարոն Ռեյիսիի բարձրացրած հարցի, նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նման նախաձեռնություն ունեցող իրանցի բոլոր գործարարներին: Այնուհետև նախարարն առաջարկեց իրանական կողմին քննարկել նաև իրանական ներդրումներով Հայաստանում կաթիլային ոռոգման սարքավորումների, կարկտապաշտպան ցանցերի արտադրություն կազմակերպելու հարցը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր