ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ԱՄՆ ՊՎՆԳ ծրագրերի տնօրինությանը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) ծրագրերի տնօրեն Էլիզաբեթ Ս. Ջորջի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր գնահատեց այս կառույցի ներդրումը երկու երկրների միջև համաճարակաբանության ոլորտում արձանագրված հաջողությունների գործում և շնորհակալություն հայտնեց ՊՎՆԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքների համար:
«Վարակիչ հիվանդությունների կանխարգելման արդյունքում մեր երկրում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել և գրանցված դրական ցուցանիշներով միջազգային ասպարեզում կարող ենք հպարտանալ»,-ասաց նախարարը` վկայակոչելով առողջապահական մարմինների կողմից այս ուղղությամբ կատարված վիթխարի աշխատանքը։
Արմեն Մուրադյանի գնահատմամբ` երկկողմ համագործակցության առանքային հարցերից է կենտրոնական լաբորատորիայի ձևավորումը, որն իրականացվելու է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի բազայի վրա:
Այս կառույցը միտված է ապահովելու միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան կարողություններ` լաբորատոր որակի կառավարման, կենսաանվտանգության, կենսաապահովության համակարգերի ներդրում:
Լաբորատոր համակարգի զարգացման առումով նախարարը կարևորեց նաև մարզային լաբորատորիաների վերականգնումը և վերազինումը: Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում Շիրակի և Տավուշի մարզերում։ Հետագայում ժամանակակից հանրային առողջապահական լաբորատորիաներ կձևավորվեն Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, որոնք կապահովեն մարզային մակարդակում միջազգային պահանջներին համապատասան լաբորատոր կարողություններ:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացումն առողջապահության համակարգի գերակա ուղղություններից է և այս առումով կարևորվում է հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի ներդրումը, որը կապահովի հիվանդության դեպքերի արագ արձագանքումը:
Էլիզաբեթ Ս. Ջորջը կարևորեց մշտապես արդյունավետ երկխոսության և քննարկումների պայմաններում ընթացող պատշաճ համագործակցությունը և ընդգծեց, որ իրենց հիմնական նպատակը վարակիչ հիվանդությունների կանխարգելման և ախտորոշման գործում Հայաստանի կարողությունների զարգացումն է:
«Մենք առավել հետաքրրքված ենք հատուկ վտանգավոր ախտածիններով և այս ուղղությամբ սերտորեն համագործակցում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,-ասաց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության ծրագրերի տնօրենը։