211652_close_icon
views-count4820 դիտում article-date 21:02 03-06-2014

Ասա՝ որն է քո իդեալը, ասեմ՝ ով ես դու

Անձի զարգացման և կայացման համար լուրջ նշանակություն ունի իդեալը: Այն նպաստում է ճանապարհ ընտրելու, առաքելությունը հաստատելու և կոնկրետ դեմք ունենալու համար: Իդեալը չի խոչընդոտում անձի ինքնարտահայտմանը և չի ստվերում նրան, որովհետև ինչքան էլ մարդը փորձի նմանվել իր իդեալին, նա մնում է այն՝ ինչ իրականում կա: Իդեալ ունեցող մարդը հասկանալի է, կանխատեսելի, պարզ: Հասարակության զարգացման և կայացման համար լուրջ նշանակություն ունի քաղաքական-մշակութային իդեալը: Այն հասարակական արժեքներով ամրացված յուրատեսակ դիմագիծ է հաղորդում հասարակությանը, որը հասկանալի է դառնում մյուս ժողովուրդների համար: Իդեալ ունցեող հասարակությունը կարողանում է ինքնակարգավորել իր խնդիրները, երբեմն՝ առանց քաղաքական թելադրանքի: Ներկայում տարածված կարծիք կա, թե հասարակությունը վեհ արժեքների չի հավատում և իդեալ չունի, այլ սոսկ գոյության պահպանման մղում: Իբր ժողովրդի համար ամենակարևորը իր գոյության հարցն է: Բայց արդյո՞ք դա այդպես է: Եթե գոյության հարցը կարևոր լիներ, ապա կյանքը կլիներ ամենաթանկ բանը: Բայց դա այդպես չէ, որովհետև 1-ին աշխարհամարտի ժամանակ ժողովրդից կազմվեցին չորս կամավորական գնդեր, որոնք կանգնեցին զորքի առջևում և կրեցին մեծ կորուստներ, միաժամանակ՝ լուրջ վտանգի ենթարկելով խաղաղ բնակչությանը: Գոյության համար լուրջ վտանգներ էին ստեղծում նաև ապստամբական գործողությունները կայսրության մի քանի քաղաքներում և շրջաններում: Իսկ դա նշանակում է, որ այն ժամանակ կյանքն ամենաթանկ բանը չէր, իսկ գոյության խնդիրն ամենակարևորը չէր: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ժողովուրդը 500 հազար մասնակից է տվել, որոնց մեծ մասը մնացել են պատերազմի դաշտում պառկած: Նույն շրջանում հալածվողների, գնդակահարվողների թիվը պակաս չի եղել: Պաշտոնական տվյալներով բռնադատվել է 42 հազար մարդ: Սա թույլ է տալիս պնդել, որ այդ ժամանակ ևս մարդկային կյանքն ամենաթանկ բանը չէր և ժողովրդի գոյության հարցն ամենակարևորը չէր: Իդեպ, Նադիր շահի ժամանակ նույնպես կյանքն ամենաթանկ բանը չէր, և գոյության խնդիրն ամենակարևորը չէր: Նադիր շահի բանակում ներգրավվել են վեց գումարտակներ, որոնք մասնակցել են դեպի Հնդկաստան և Անատոլիա կատարած արշավանքներին՝ տալով մեծ թվով զոհեր և վիրավորներ: Դրա դիմաց Նադիր շահը 2 տարի հարկերից ազատել է իր կայսրության հայ հպատակներին: Արցախյան պատերազմի ժամանակ ևս կյանքը թանկ չէր, գոյության խնդիրն էլ ամենակարևորը չէր: Առաջին ընդհարումներից հետո կազմավորվեցին կամավորական ջոկատներ, որոնց ընդհանուր թիվը մի քանի հազար էր: Այդ փառահեղ պատերազմում տված զոհերի և կորուստների թիվը առավել քան խոսուն է: Այնպես որ բացարձակ սուտ է այն պնդումը, թե ժողովրդի համար կարևորն իր գոյության խնդիրն է: Չկա նման բան: Կա իդեալների բացակայություն թե՛ քաղաքական-մշակութային, թե անձնական մակարդակներում: Իսկ առանց իդեալի մարդը մարդ չի, այլ բութ աշխատուժ, իսկ առանց իդեալի հասարակությունը կշիռ չունի՝ փուչ է: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր