211652_close_icon
views-count1055 դիտում article-date 20:55 29-05-2014

Ընտրություն գոյություն չունի

Բիհևիորիստները կարծում են, թե ազատ կամքի մասին դատողությունները պատրանք են, մարդու գործողությունները պայմանավորված են միջավայրի ազդեցությամբ: Մարքսիստները կարծում են, թե մարդը քարոզչության արդյունք է, և նրա վարքը պայմանավորված է կիրառվող քարոզչությամբ: Բիհևիորիստների այս գնահատականը բուռն քննադատության է ենթարկվել վոլյունտարիստների և ազատականների կողմից: Վերջիններիս կարծիքով մարդը միշտ ունի ընտրություն: Այլ հարց է, թե ինչ չափանիշներով և առաջնահերթույթուններով է առաջնորդվում ընտրություն կատարելիս, և ինչպես է ընտրում՝ բանականությա՞մբ, թե՞ հուզական բնությամբ: Սակայն մարդն ունի ազատ կամք, որը կիրառումը կոչվում է ազատ ընտրություն: Այնուամենայնիվ վաղուց ապացուցվել է, որ միջավայրի փոփոխությունը էականորեն ազդում է մարդու վարքի վրա: Տեսակետ կա, թե թուլացել է քարոզչության ազդեցությանը մարդու ձևավորման վրա, սակայն իրականում այն չի թուլացել, պարզապես քարոզչական տեխնոլոգիաներն են կատարելագործվել, և զուգահեռաբար արժեզրկվել է խոսքի ազդեցությունը: Շատ թագավորներ և քաղաքական առաջնորդներ լուրջ փորձարկումներ են արել միջավայրի փոփխությամբ հասարակության վարքը փոփոխելու, ինչպես նաև քարոզչական հնարքներով հասարակության վարքն ուղղորդելու հարցերում: Օրինակ. մի քանի տասնամյակ առաջ որոշեցին Դուբայը դարձնել խոշոր քաղաք, առևտրային և զբոսաշրջային կենտրոն: Արաբական աշխարհում տեղի ունեցող քաղաքակրթական վերջին փոփոխությունները որոշ չափով պայմանավորված են այդ նոր, ավանդական մահմեդականից շատ տարբեր միջավայրի ազդեցությամբ: Քարոզչական տեխնոլոգիաներից ամենառիսկայինը հակադարձ տրամաբանության հնարքներն են: Այսինքն, որոշակի վարք թեադրելու համար կատարվում է հակառակ տրամաբանության քայլ, իսկ այնուհետև կազմակերպում այդ հակառակ տեսակետի հերքումը, մերժումը: Եթե քարոզչության թիրախը սթափ է, հուսահատված, ընկճված չի, ապա նա բուռն արձագանքում է, բողոքում այդ թարս բանի դեմ, և կամավոր ընդունում է այն դիրքրորոշումը, որը պետք է թելադրվեր: Թարս տրամաբանության տեխնոլոգիան կիրառվում է այն երկրներում, որտեղ հավատում են ընտրությանը, կամքի ազատությանը, և ազատությանն ընդհանրապես: Դա բարդ տեխնոլոգիա է, սակայն վերջարդյունքում ավելի արդյունավետ է, քան ուղղակի կոպիտ թելադրանքը: Ուղղակի թելադրանքով քարոզչությունը կիրառվում է միայն այն դեպքում, երբ թիրախը չի բողոքում, չի դիմադրում, անտարբեր է, կամազուրկ, կոտրված: Բռնապետությունների և գաղութ-երկրների հասարակություններին ներշնչում են վերը նշված տեսակետները, թե ինքը պետք է հպատակ լինի, թե չի կարող ընտրել, նրա ընտրությունից ոչինչ կախված չի, նա ոչինչ չի կարող փոխել իր ընտրությամբ, և ընդհանրապես՝ ընտրություն գոյություն չունի, դա պատրանք է, հորինվածք: Դա հորինել են մութ ուժերը, որպեսզի քարոզչական հնարքներով կարողանան իշխանություն ստանալ և իրագործել իրենց մութ նպատակները: Իսկ մարդ առաջնորդվում է սովորություններով, ընտրություն չունի, որովհետև ընտրություն գոյություն չունի: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր