211652_close_icon

Երևանում 40-ամյա տղամարդուն հրազենով մահ պատճառած և «Mercedes G63»-ով դեպքի վայրից փախուստի դիմած կասկածյալին քրեական, համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները ժամերի ընթացքում հայտնաբերեցին. պատճառը վրեժխնդրությունն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count12904 դիտում article-date 15:56 01-09-2025
Երեկ՝ օգոստոսի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանի) , Երևան քաղաքի քրեական վարչության (վարչության պետ Հայկ Հարությունյանի), և ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները (բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ), համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների հետ (բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի գլխավորությամբ), ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, բացահայտել են նույն օրը Բաբաջանյան 22 շենքի բակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու Մալաթիա - Սեբաստիայի քննիչները պարզել են, որ Լոռու մարզում հաշվառված 29-ամյա Կարեն Մ.-ն իր կողմից վարած «Mercedes G63» մակնիշի ավտոմեքենայով ԱՄՆ-ում բնակվող իր 40-ամյա եղբոր՝ Արեն Մ.-ի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարում է Երևանի բնակիչ 40-ամյա Արսեն Թ.-ին և պայմանավորվում են հանդիպել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմացի այգում։

Պարզվում է, որ այնտեղ են լինում Արսեն Թ.-ն իր կնոջ և քենու հետ։

Տեղում վերջիններիս միջև տեղի է ունենում բարձրաձայն խոսակցություն, որի ժամանակ Կարեն Մ.-ն իր կողմից վարած «Յաշիկի» միջից դուրս է գալիս՝ իր ձեռքին ունենալով որսորդական ողորկափող հրացան, և սկսում է անկանոն կրակոցներ արձակել Արսեն Թ.-ի ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով վերջինը ստանում է վնասվածքներ և ժայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահանում է։

Իսկ Կարեն Մ.-ն ավտոմեքենայով դիմում է փախուստի։

Քրեական ու համայնքային ոստիկանները, Երևան քաղաքի գնդի պարեկները, Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները օպերատիվ տեղեկություններով պարզում են, թե որտեղ է գտնվում կասկածյալ Կարեն Մ.-ն և բացատրական աշխատանքների արդյունքում կարողանում են հասնել նրան, որ Կարեն Մ.-ն ներկայանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժին, որտեղից էլ նրան ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են ոստիկանության քրեական գլխավոր վարչության Երևանի քրեական վարչություն, ապա ներկայացնում են Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժին։

Ավտոմեքենան նույնպես հայտնաբերվում և տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղի ունեցածը վրեժխնդրություն է, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամքներ այս պահին չենք հայտնում։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ էին հնչել Երևանում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում կրակոցներ էին հնչել և կա վիրավոր։

Ժամանել էին Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի տեղակալ Րաֆֆի Բագրատունյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Ադրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները նշված վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր և տեղում պարզել էին, որ հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի։

Տարածքը պարեկները՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և նույն  գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ սահմանազատել էին։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քնչական բաժին, որտեղից հիվանդանոց էր մեկնել քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել էին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները պարզել էին մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր