211652_close_icon
views-count103075 դիտում article-date 22:38 31-08-2025

Առեղծվածային մահվան դեպք՝ Չարենցավանում․ բնակարանի հյուրասենյակում  հայտնաբերվել է կնոջ մարմին, արնանման հետքեր․ քրեական և համայնքային ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Անի Դանիելյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի, դասակի հրամանատար Արթուր Կարապետյանի, դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Մաթևոսյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։  

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են։ 

Քրեական և համայնքային ոստիկանները նշված թաղամասի 12-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել են տան տիրուհու՝ Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Սուսաննա Հ․-ի դին, արնանման հետքեր, պարանոցին էլ առկա է եղել պարան։

Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի  ինքնությունը, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով այս պահին չենք հայտնում։

Տեսանյութը կարող եք դիտել SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր