211652_close_icon
views-count829 դիտում article-date 15:33 25-05-2014

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները սփյուռքի նախարարությունում էին

Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Ողջունելով ներկաներին՝ Հ. Հակոբյանն ասաց. «Հայաստան հիմնադրամը մեր նորանկախ պետականության կարևոր ձեռքբերումներից է, մի զորավոր ցանց, որը մեծապես նպաստում է համահայկական խնդիրների լուծմանը: Ձեր նվիրումի ու ակտիվության շնորհիվ հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը, նպաստում Հայաստանի ու Արցախի բարեկարգմանը, իրականացնում է բազում ազգաշահ ծրագրերի շարունակականությունը»: Նախարար Հ. Հակոբյանը ներկայացրեց գերատեսչության հնգամյա գործունեությունը և իրականացրած ծրագրերը, նա հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին կոչ արեց առաջիկայում առավել արդյունավետ համագործակցել, նպաստել համայնքների ներգրավվածության ընդլայնմանը Սփյուռքի նախարարության ծրագրերում: Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ձեռնարկները տեսաշարով ներկայացրեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Այնուհետև ելույթ ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վարչության գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա շնորհակալություն հայտնեց հանդիպումը կազմակերպելու համար և ներկայացրեց համագործակցության հետագա հնարավորություններն ու դրանց հետ կապված խնդիրները: Ա. Վարդանյանը կարևորեց սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության հետ համատեղ իրականացրած ծրագրերը և առաջիկա անելիքները: Իրենց դիտարկումներն ու մտահոգությունները ներկայացրեցին և առաջարկություններով հանդես եկան Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները: Ամփոփելով հանդիպումը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց հիմնադրամի կենտրոնական և տեղական մարմիններին միանալ նախարարության կողմից ձևավորած տեղեկատվական դաշտին, պարբերաբար տրամադրել իրենց կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ, համագործակցել ազգային ներուժի համախմբման ու արդյունավետ կիրառման և այլ համահայակական նշանակության ծրագրերի իրականացման գործում: Վերջում տեղի ունեցան քննարկումներ:

Նմանատիպ նյութեր