211652_close_icon
views-count852 դիտում article-date 15:03 23-05-2014

911-ի կարգավարները բարձրակարգ վերապատրաստում են անցնում

Մայիսի 23-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Վոլֆգանգ Շմիդտին, որը ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության լիազոր անձն է և «Կարգավար օպերատորների վերապատրաստում» դասընթացի ավագ դասախոսը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՌՆ ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը և ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը: Վոլֆգանգ Շմիդտն ԱԻ նախարարին ներկայացրեց համագործակցության առաջին փուլի արդյունքները, մասնավորապես` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կարգավար-օպերատորների նորաստեղծ ուսումնական կենտրոնի և վերապատրաստման դասընթացների մասին. - Երկու շաբաթ տևողությամբ 1-ին դասընթացին մասնակցել է «911» ծառայության 15 կարգավար-օպերատոր, որոնց հասցեին միայն գովասանքի խոսքեր պիտի ասեմ: Հետաքրքրությունը շատ մեծ էր, մասնակցությունն` ակտիվ, և շատ արդյունավետ համագործակցություն ստացվեց` թե մասնակիցների, թե ակադեմիայի ու ՃԿԿ-ի հայ գործընկեր-դասախոսների հետ: Ուսումնական կենտրոնի ստեղծման և դասընթացների նախապատրաստման հարցում մեծապես օժանդակել են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ԱՌՆԱՊ հիմնադրամը: Շնորհակալություն ենք հայտնում նաև ԱԻ նախարարությանը և Ձեզ` Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությանը նման վստահություն ցուցաբերելու համար: Նախարար Ա. Երիցյանը նշեց, որ չափազանց կարևորում է «911» ծառայության կարգավար-օպերատորների մասնագիտական պատրաստվածությունը, հատկապես` առաջին օգնության հետ կապված հարցերում, որպեսզի նրանք կարողանան հեռախոսով օգնություն ցույց տալ ահազանգողին մինչև արձագանքող ուժերի ժամանումը, իսկ հատուկ դեպքերում նաև` զանգի փոխանցումը ճգնաժամային կառավարման կենտրոնում հերթապահող բժիշկ-հոգեբանին: - Մենք պիտի ձգտենք պահպանել ձեռքբերած արդյունքը և հասնել նրան, որ մեր ուսումնական կենտրոնում վերապատրաստվեն նաև հանրապետության մյուս արագ արձագանքման ծառայությունների կարգավարները, իսկ մեր դասախոսները պատրաստեն նոր դասախոսների,- ասաց նախարարը: ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը հայտնեց, որ գերմանական փորձի հիման վրա մշակվել է մեթոդաբանություն և ուսումնական ծրագիր, որը տեղայնացվել է ու համապատասխանեցվել մեր կարիքներին: Հետագայում նախատեսվում է ուսումնական կենտրոնի տեխնիկապես հագեցած ու բազմաֆունկցիոնալ լսարաններն օգտագործել նաև կարգավարների ու փրկարարների համար օտար լեզվի դասընթացներ կազմակերպելու նպատակով: Հանդիպման ավարտին Վ. Շմիդտն ԱԻ նախարարին փոխանցեց Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության նախագահ դոկտոր Լորենց Մենցի երախտագիտական խոսքը և հուշանվերներ: Ա. Երիցյանը գերմանացի հյուրին ԱԻՆ փրկարարի համազգեստ և խորհրդանշական հուշանվեր հանձնեց` շնորհակալություն հայտնելով համագործակցության համար:

Նմանատիպ նյութեր