211652_close_icon
views-count2071 դիտում article-date 21:55 12-05-2014

Ո՞վ չի ուզում խաղաղություն

Խաղաղությունը արժևորվում է հասուն տարիքում: Մինչ խաղաղության արժեքը հասկանալը մարդն անցնում է 5 փուլ: Եթե կարողանում է անցնել այդ փուլերը, ապա արժևորում է խաղաղությունը: Եթե չի կարողանում անցնել, ապա մնում է կենտավրոսային կարգավիճակում: Առաջին փուլում մարդը ներդաշնակության է հասնում ծնողների, բարեկամների, ընկերների հետ, կարողանում գնահատել հարզատությունը որպես անքննելի արժեք: Երկրորդ փուլում ներդաշնակության է հասնում բնության հետ, իրեն գիտակցում բնության աբաժան և ներդաշնակ մասը: Երրորդում մարդը ներդաշնակության է հասնում բոլոր մարդկանց հետ, իրեն գիտակցում նրանց հավասար, և նրանց վերաբերվում եղբայրաբար: Չորրորդ փուլում մարդը ներդաշնակության է հասնում Աստծո հետ, իրեն գիտակցում Աստծո հետ միասնության մեջ, հավատում, որ իր անմահ հոգին Աստծո հետ ուղղակի ընդհանրություն ունի, որ իր մեջ ապրում է Աստված: Եվ վերջապես, հինգերորդ փուլում վերադառնում է դեպի իր անձը և հասնում ներքին խաղաղության: Համապատասխան դաստիարակության և կրթության դեպքում այս շրջանը կարելի է անցնել մի քանի տարում: Այս շրջանն անցնելուց հետո մարդը կարողանում է արժևորել խաղաղությունը: Այս շրջանն անցածը խաղաղության մասին երգի կամ խոսքի կարիք չի զգում: Խաղաղությունն արդեն նրա սրտում է: Կա նաև թյուր կարծիք, թե խաղաղությունն արժևորողները վախկոտ ու թույլ են: Իբր խաղաղության կողմնակիցը վախենում է պատերազմից, կռվելուց: Կա նաև ծայրահեղ վտանգավոր տեսակետ, իբր խաղաղության մասին խոսելը պատերազմի հանգեցնող սադրանք է, պատերազմի քողարկված քարոզչություն, և այլն: Արցախյան պատերազմը մղվել է ոչ թե հողի, ծառի, քարի կամ ջրի համար, այլ խաղաղության: Այդ կռվի ամբողջ իմաստն այն էր, որ մարդը խաղաղ ապրի իր հայրենիքում, իր տանը՝ իր հավատքին, ազգությանը, կերպին հավատարիմ մնալով: Իսկ ընդհանրապես չկա մարդ, ով դեմ լինի խաղաղությանը: Պարզապես ոմանք չեն կարողանում կառավարել իրենց զայրույթը, ոմանք՝ ենթարկվում գայթակղությունների: Եվ քանի որ ընկնում են մահացու մեղքերի մեջ՝ ագահություն, նախանձ, հպարտություն, և զայրույթը մթագնում է միտքը, ապա խաղաղությունը մնում է ցանկության մակարդակում: Այսօր լրանում է զինադադարի 20-րդ տարեդարձը: Այդ հարաբերական խաղաղությունը այն հիմքն է, որի վրա կառուցվելու է երկարատև և հիմնավոր խաղաղությունը: Առանց խաղաղության կնիքի հաղթանակն անհաստատ է, երերուն: Պարզ ասած՝ հաղթանակը պահպանվում է միայն խաղաղությամբ: Հակառակ դեպքում՝ այսօր կարող ես հաղթել մեկին, վաղը` պարտվել նրան, ում բարեկամ էիր համարում, հաջորդ օրը՝ հաղթել նրան, ում անպարտելի էիր համարում, և այդպես շարունակ: Իսկ խաղաղությունն ընդհանուր, անհրաժեշտ, բարերար արժեք է աշխարհի, բնության, մարդկության համար: Թող խաղաղություն լինի աշխարհում, տներում, սրտերում և հոգիներում: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր