211652_close_icon
views-count1621 դիտում article-date 15:36 16-10-2014

Անկախությունից ի վեր մենք «ոչ պատերազմ ոչ խաղաղություն» վիճակից պարբերաբար հայտնվում ենք «ավելի շատ պատերազմ, քան խաղաղություն» վիճակում. Սեյրան Օհանյան

Հոկտեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է «ԵԱՀԿ Վարքի կանոնակարգ. իրականացման շրջանակները, տարածումը և տարբեր շահագրգիռ կողմերի մոտեցումները, գործակցություն միջազգային գործընկերների հետ» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ՆԱՏՕ-ի Բարեվարքության ամրապնդման ծրագրի հետ համատեղ: Աշխատաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մեծարգո հյուրեր, ներկաներ, աշխատաժողովի մասնակիցներ Նախ թույլ տվեք ջերմորեն ողջունել Ձեզ Հայաստանում: Այսօրվա մեր հանդիպման առիթը հերթական անգամ ապացուցում է, որ մենք առավելագույնս արդյունավետորեն ենք համադրում մեր համագործակցային կարողությունները գործընկերների հնարավորությունների հետ: Կարծում եմ ոչ ոքի համար նորություն կամ գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մեր կողմից իրականացվող պաշտպանական բարեփոխումների, հատկապես դրա ժողովրդավարացմանն ուղղված մասի լրջագույն օժանդակողներից է: ԵԱՀԿ հետ ստեղծված գերազանց համագործակցային ավանդույթները միաժամանակ բազում կասկածներ են փարատում, ես կասեի, անգամ` կարծրատիպեր կոտրում, որոնց ստորև կանդրադառնամ: Սովորաբար, միջազգային կառույցների մոտ մտավախություններ են լինում, որ անցումային փուլը հաղթահարող պետությունների զինված ուժերը և պաշտպանական գերատեսչություններն առավել փակ են, չափից դուրս պահպանողական և հակված չեն համագործակցության. առավել ևս` ժողովրդավարացման թեմաների շուրջ: Այս հարցն առավել զգայուն կարող է համարվել Հայաստանի համար, քանի որ անկախությունից ի վեր մենք «ոչ պատերազմ ոչ խաղաղություն» վիճակից պարբերաբար, մեր կամքից անկախ պատճառներով, հայտնվում ենք «ավելի շատ պատերազմ, քան խաղաղություն» վիճակում: Հարց կարող է ծագել` ինչ ժողովրդավարացման, թափանցիկության կամ ժողովրդավարական վերահսկողության մասին է խոսքը, եթե պատերազմ է… Մենք մեր գործով կտրականապես հերքել ենք այս մոտեցումը: Դրա վառ օրինակն է բառացիորեն մի քանի օր առաջ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ իմ հանդիպման մի դրվագը, երբ ես, տեղեկանալով այն մասին, որ ԵԽ հանձնակատարի այցի թեմատիկ ուղղվածությունը վերաբերում է գենդերային հավասարության հարցերին, անդրադարձ կատարեցի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի շրջանակում, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի օժանադակությամբ մեր կողմից իրականացվող` զինված ուժերում կանանց դերի և նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ հետազոտությանը: Պարոն Հանձնակատարն անկեղծորեն խոստովանեց, որ անգամ չէր մտածում այդ հարցը բարձրացնել պաշտպանության նախարարությունում և շեշտեց, որ բարձր է գնահատում ՊՆ նմանօրինակ նախաձեռնությունները: Սա ընդամենը մի օրինակ է, սակայն շատ խոսուն օրինակ, թե ինչպես են սովորաբար ընկալվում պաշտպանական գերատեսչությունները: Ուստի, ես վստահաբար ասում եմ. այո, մենք կոտրում ենք կարծրատիպեր: Մենք գտնում ենք, որ անգամ կիսապատերազմական վիճակում գտնվող երկիրը, որտեղ բանակը համալրվում է համընդհանուր զորակոչի միջոցով, այն կարող է և պետք է վերածվի հասարակության վերընթաց զարգացման շարժիչ ուժի` իր տեսլականը խարսխելով ժողովրդավարական արժեհամակարգի և մարդու իրավունքների սկզբունքների վրա: Եվ սրանք զուտ խոսքեր չեն, մենք դա ապացուցում ենք գործով: Դրա համար բավական է միայն նայել այս աշխատաժողովի օրակարգին: ԵԱՀԿ, ԺՀՄԻԳ, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոն (DCAF), ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնություն, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն. այս ուղղություններից յուրաքանչյուրով մենք կամ ունենք համագործակցության լուրջ ծրագրեր կամ մտածում ենք դրանք զարգացնելու ուղղությամբ: Հենց այս ամենը հաշվի առնելով, մենք մեծագույն հաճույքով ստանձնել ենք այս աշխատաժողովի կազմակերպման պատասխանատվությունը և հուսով ենք, որ այն վարակիչ ազդեցություն կունենա այլ երկրների վրա և նմանօրինակ աշխատաժողովները առավել հաճախակի բնույթ կունենան: Ընդ որում, եթե նկատեցիք օրակարգից, մենք ևս մեկ, կարծում եմ հետաքրքիր, նորարարություն ենք ներմուծել: «Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների մասին ԵԱՀԿ վարքի կանոնակարգի» շրջանակում անցկացվող միջոցառմանը մեծ տեղ ենք հատկացրել այլ միջազգային կառույցների ևս, քանի որ գտնում ենք, որ նրանց ջանքերի ու նրանց վրա դրված խնդիրների իրականացումն ի վերջո ուղղված է մեկ նպատակի իրականացմանը` քաղաքակիրթ ու անվտանգ աշխարհի ստեղծմանը: Հետևաբար, նրանց համագործակցության ուղղությունների մոտարկման, կրկնություններից խուսափելու և փոխլրացման ուղենիշների մշակման տեսանկյունից այս աշխատաժողովը ևս մեկ կարևոր առաքելություն է կատարում: Եթե խոսենք կոնկրետ օրինակներով, ապա կարծում եմ մենք ևս մեր համեստ ավանդն ունենք ԵԱՀԿ Վարքի կանոնակարգի և ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնության միջև ընդհանրությունների հայտնաբերման և երկու ուղղություններով գործողությունների մոտարկման հարցում: Ամփոփելով խոսքս, թույլ տվեք ևս մեկ անգամ շեշտել, որ ԵԱՀԿ Վարքի կանոնակարգը, չնայած որոշ շրջանակների անգույն ու անմարդկային «ռեալ պոլիտիկի» վրա հիմնված չարամիտ կանխատեսումների, շարունակում է մնալ անվտանգության ապահովման անհրաժեշտ մեխանիզմ, քանի որ ծառայում է անվտանգ տարածաշրջանային միջավայրի ձևավորմանը: Իսկ այն փաստը, որ Վարքի կանոնակարգն իրավաբանորեն պարտադիր ուժ չունի, իմ սուբյեկտիվ կարծիքով էլ ավելի է բարձրացնում այս փաստաթղթի արժեք: Իրավաբանորեն պարտադիր պարտավորությունները սովորաբար կատարվում են պատժվելու վախով պայմանավորված, իսկ քաղաքական հանձնառություններն առավելապես գիտակցաբար են կատարվում` դրանց արժեքը գնահատելով: Դա էլ իր հերթին պայմանավորված է կատարող երկրի քաղաքական մշակույթի մակարդակով: Կարծում եմ, երկրների միջև առկա այդ տարբերությունները միջազգային հանրության առաջադեմ շերտերի կողմից պետք է պատշաճ կերպով ընկալվեն ու գնահատվեն, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն քաղաքակիրթ աշխարհի ձևավորման վրա: Օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառման անցկացմանն աջակցություն ցուցաբերած բոլոր կազմակերպություններին և անհատներին և մաղթում արդյունավետ քննարկումներ»:

Նմանատիպ նյութեր