19209 դիտում
13:55 06-05-2014
Արտակարգ և ողբերգական պատահար՝ «Ապավեն» ՍՊԸ-ի տարածքում. բեռնատարի թափքը շրջվել է աշխատակիցների վրա. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ և ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ԱԻն փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան 43 հասցեում գործող «Ապավեն» ՍՊԸ-ի տարածքում բեռնատար ավտոմեքենայի թափքը շրջվել է աշխատակիցների վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 16 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ, մեքենայի թափքի տակից տեղի ուժերով դուրս է բերվել Երևանի Բագրատունյաց 4-րդ նրբանցքի բնակիչ, 35-ամյա Վարդան Հովհաննիսյանի դին, իսկ Սուրեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արդեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների՝ «ՄԱՆ» բեռնատար մակնիշի 035 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 30-ամյա Հրաչ Մանուկյանը, մեքենան կայանել է ՍՊԸ-ի տարածքում, որից հետո մահացածն ու վիրավորը փորձել են բեռնաթափել թափքի վրա բարձված ապրանքը, որի ժամանակ էլ թափքը շրջվել է:
Վթարի մասին արդեն տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որոնց կանչով վթարի վայր են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Ոստիկանությունը դեպքի հանգամանքները պարզում է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+