211652_close_icon
views-count14160 դիտում article-date 15:24 04-05-2014

Երևանում 23-ամյա վարորդը պատվավոր հյուպատոսի առանձնատան մոտ ավտոմեքենաների սպանդ է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում, Volkswagen Passat մակնիշի 19 CC 090 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 23-ամյա Լևոն Գևորգյանը, նշված ավտոմեքենայով Ծարավ Աղբյուրի փողոցում բախվել է մայթեզրին կայանված վիճակում գտնվող Chrysler մակնիշի 35 ՏD 052 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով բախվել է Toyota Corolla մակնիշի 60 DD 808 համարանիշի ավտոմեքնային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կայանված վիճակում գտնվող Toyota Corolla-ն էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Ինդոնեզիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանի հաշվեկշռում հաշվառված BMW մակնիշի 40 T 035 AM համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Գրիգոր Միտոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, սակայն նրանց փոխհատուցվող գումարով դժվար, թե «յարան» բուժվի, քանի որ նրանք հատկացնելու են 1 միլիոն 800 հազար դրամի չափով գումար և այդ գումարն անգամ չի բավականացնի վթարված 1 մեքենան վերանորոգելու համար: Նշված փողոցում կա նաև արագաչափ սարք , որը ասես տեղադրված լինի որպես Լենինի արձան՝ չի գործում, հավանաբար մի որոշ ժամանակ գործել է, հետո պատկան մարմինները տեսել են, որ փող չի բերում և տեղադրել են մեկ այլ ճանապարհահատվածում, որտեղ երևի, հնարավոր է, վարորդին մոլորեցնել և փող «կպցնել»: Գ. Միտոյանի հանձնարարականով վարոդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր