Ուորլիքի գրառումները «հայկական պատվերներ» են. Ադրբեջանը պահանջում է ԵԱՀԿ ՄԽ-ից հետ կանչել Ջեյմս Ուորլիքին
Ադրբեջանի փոխարտգործնախարար, ԼՂ հակամարտության հարցով Ալիևի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ ասելով, թե Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած միջազգային նորմերն ու սկզբունքները մեկնաբանում է «կամայականորեն»:
«Մեզ հայտնի է դարձել, որ ամերիկացի համանախագահը սերտ կապեր ունի ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ և հանդես է գալիս հակամարտության չհաշտեցնող դիրքորոշմամբ: Նույնիսկ սոցիալական ցանցերում արված նրա գրառումներում է երևում, որ ամերիկացի համանախագահը նախընտրում է ավելի շատ շփվել ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ»,-ասել է ադրբեջանցի դիվանագետը՝ հավելելով, թե Ուորլիքի որոշ արտահայտություններ բացահայտորեն «սադրիչ բնույթի են»:
Ազիմովը «գտնում է», որ Ուորլիքի արտահայտությունները և գրառումները «հայկական պատվերներ են»:
Այսօր Ջեյմս Ուորլիքը մասնակցելու է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ԱՄՆ-ի հայկական համայնքի կողմից կազմակերպված «Դեպի առաջ ուղին և Լեռնային Ղարաբաղի համար ինքնորոշումը» խորագրով հանդիպմանը: Ըստ Ազիմովի՝ ամերիկացի համանախագահի մասնակցությունն այդ հանդիպմանն «անթույլատրելի» է:
«Այս ամենը մեզ թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անելու ամերիկացի համանախագահի նպատակների և դիրքորոշման մասին և ադրբեջանական կողմին հիմք է տալիս անվստահություն հայտնելու Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին, նրա հետ աշխատելուց հրաժարվելու և ԵԱՀԿ գործող նախագահին դիմելու պարոն Ուորլիքին համանախագահի իր պաշտոնից հետ կանչելու համար: Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական կողմին այլընտրանք չի թողնում»,-ասել է Ազիմովը: