Երևանում բնակարանի հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տանտիրոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցի թիվ 65 շենքի 28-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել, իսկ տանտերը չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատները` 4 մարտական հաշվարկով և հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքով:
Հրդեհը մարելուց հետո բնակարանում հայտնաբերվել է 60-ամյա Արամ Մելքոնյանի դին:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Հրշեջների կանչով ժամանել են նաև էլեկտրոցանցի և գազի ծառայության աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես հոսանքազրկել են շենքը, իսկ գազի ծառայողները շենք սնուցող գազախողովակը ժամանակավորապես փակել են:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի փորձաքննության արդյունքներից հետո:
Տեղում աշխատում էր նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի բաժնի քննչական խումբը, փորձագետն ու դատական բժիշկը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



