31787 դիտում
10:22 26-04-2014
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 45-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր կողմից վարած Nissan Pathfinder մակնիշի 56 VV 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 45.5 կմ հատվածում, ճանապարհային ոստիկանության պահակակետի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է իր առջևով ընթացող Աշտարակ քաղաքի բնակիչ, 48-ամյա Մխիթար Միրզոյանի վարած Զիլ մակնիշի 21 ՍՏ 247 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Հ. Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ով վթարի մասին տեղեկություններ էր հաղորդում ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանին:
Օպերատիվորեն ժամանել էին նաև Հրազդանի հիվանդանոցի բրիգադը, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական խումբը: Վերջիններս դադարեցրին ավտոմեքենայից արտահոսող գազը, քանի որ վթարի հետևանքով ուժեղ արտահոսք էր սկսվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, չգիտես ինչու, 2 ժամից ավելի պահանջվեց, մինչև դեպքի վայր բարեհաճեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչը, ով պատճառաբանում էր, թե մահացածը զինվորական է, հետևաբար գործով պետք է զբաղվեն պաշտպանության նախարարության աշխատակիցները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Հ. Հովհաննիսյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, կոչումով գնդապետ էր, ով, ի դեպ, ՊՆ-ում համարվում էր բանիմաց, զինվորի կողմից գնահատված և բանակի ակունքներում կանգնած անձնավորություն և խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ: Նրա եղբայրը, ով նույնպես արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է եղել, ինչպես Հ. Հովհաննիսյանը, մահացել էր մի քանի տարի առաջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է տեղափոխվեն ՀՀ ՊՆ քննչական ծառայություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+