211652_close_icon
views-count1309 դիտում article-date 19:41 23-04-2014

Եղեռնի զոհերի թվում եղել են նաև հայ մարզիկներ

Վաղը ` ապրիլի 24 –ին լրանում է հայոց եղեռնի 99 –րդ տարին: Ամենատարբեր բնագավառներ ներկայացնող զոհերի թվում եղել են նաև բազմաթիվ հայ մարզիկներ, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Նշենք Շավարշ Քրիսյանի անունը : Նա հանդիսանում է համահայկական խաղերի նախագծի , « Հոմենըթմեն» մարզակումբի և ֆուտբոլի լիգայի ստեղծման հեղինակներից մեկը: Քրիսյանը հիրավի հայկական սպորտի ականավոր գործիչ է, մարզիչ, մարզիկ, հայկական առաջին ֆուտբոլի «Բալտալիման» ակումբի հիմնադիրը: Քրիսյանը եղել է մեծ մանկավարժ, գրող, հրապարակախոս, լրագրող, օսմանյան կայսրությունում մարզական առաջին ` «Մարմնամարզ» հանդեսի հիմնադիրը: Հենց մեծ հայորդու ջանքերով պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան պատվիրակություն գործուղեց օլիմպիական խաղեր: Դա 1912 թ. Ստոկհոլմում տեղի ունեցած 5 –րդ համաշխարհային մարզահանդեսն էր: Օսմանյան պետությունը գումար չհատկացրեց և գործուղման հետ կապված ամբողջ ծախսը իր վրա վերցրեց հայկական համայնքը : Քրիսյանը այն ժամանակ ասել է որ, դեռևս Թուրքիայի ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել մարզական որևէ միջոցառման: Թող մերոնք Շվեդիայում վերջինը լինեն: Կարևորն այն է, որ մեծ ազգերի հետ ասպարեզ մտնեն հայերը, ովքեր շուրջ 30 տարի Եվրոպայում հայտնի են որպես հալածված ազգ: Ժամանակն է, որ արդեն հակառակն ասեն և որ քաղաքակիրթ աշխարհն իմանա, ճանաչի մեզ և մեր նվաճումները : Ստոկհոլմի խաղերին մասնակցած 28 երկրների 2541 մարզիկների թվում եղել են Թուրքիան ներկայացնող երկու մարզիկներ ` Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը: Հետաքրքիր մի փաստ է արձանագրվել: 1909 թ. Կիլիկիայում թուրքերի կազմակերպած հայերի ջարդի պատճառով շվեդները մասնակից երկրների դրոշների շարքում դիտավորյալ չեն կախել օսմաններինը: Այս մասին չեն իմացել հայ մարզիկները, որոնք բողոքել են ու կազմակերպիչները տեղադրել են Թուրքիայի դրոշը: Մեր հայրենակիցներն այնուհետև զղջացել են իրենց արածի համար: 1500 մ վազքում, 50 մարզիկների պայքարում Մկրյանը ճանաչվել է 5 –րդը: Իսկ Փափազյանի մասին ճիշտ կլինի ներկայացնել հենց նրա թոռան պատմածը: Պապիկը բազմիցս պատմել է, որ , վերջնագծի մատույցներում ինքը / պոլսահայ Փափազյանը / գրեթե 20 մետր առաջ է պոկված եղել մրցակիցներից ու կարող էր հեշտությամբ առաջինը հատել եզրագիծը և նվաճել չեմպիոնի կոչումը : Բայց գնահատելով այն հանգամանքը , որ իր հաղթանակի առթիվ պետք է ծածանվի Թուրքիայի դրոշը, ուստի Փափազյանը միանգամից դանդաղեցրել է վազքը ու գիտակցաբար հայտնվել ետնապահների թվում: Ինչ վերաբերում է օսմանյան կայսրությունում սպորտի մեծ ջատագով Շավարշ Քրիսյանին, ասենք , որ 1915 –ի օգոստոսի 15 –ին թուրքերը նրան հանել են բերդից, տարել Անկարայից դուրս ու . . . գնդակահարել : Այսպես են երախտամոռ օսմանները վարձահատույց եղել 29 – ամյա հայ ականավոր գործչին: Հ . Գ . ՀԱՕԿ -ի նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռևս 2007 թ . հանդես եկավ հայտարարությամբ, որով աշխարհասփյուռ հայ մարզիկներին կոչ արեց գալ , վերադառնալ հայրենիք և միջազգային պաշտոնական մրցումներում պաշտպանել Հայաստանի մարզական դրոշի պատիվը . . .

Նմանատիպ նյութեր