211652_close_icon
views-count1090 դիտում article-date 17:53 23-04-2014

ԵՊՀ-ն դարձել է ՀԱՊԿ համալսարանական լիգայի հիմնադիր անդամ

Ապրիլի 22-ին Եկատերինբուրգում ընթացող 5-րդ երիտասարդական տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի բուհերի ներկայացուցիչներ ստորագրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համալսարանական լիգայի հիմնադրման մասին համաձայնագիր: Լիգայի գլխավոր նպատակն է անվտանգության, տնտեսության, գիտության, տեխնիկայի, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավական և այլ բնագավառներում աջակցել Եվրասիական տարածաշրջանի բազմակողմանի զարգացմանը: Հիմնադիր ժողովին նախորդել էին մի շարք քննարկումներ, այդ թվում տեսակամուրջներ, որոնց ընթացքում գործընկեր համալսարանների ներկայացուցիչները քննարկել են ձևավորվող կառույցի խնդիրներն ու գործունեության բովանդակությունը: 2014 թ-ի փետրվարի 13-ին կայացած տեսակամուրջի ընթացքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով նախաձեռնությունը, կարևորեց Լիգայի աշխատանքների գործնական նշանակությունը, նրա փորձագիտական ներուժը և աշխատանքներում ուսանողների և երիտասարդների ակտիվ մասնակցությունը: Հիմնադիր նիստին մասնակցում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով Համալսարանական լիգայի ձևավորման նախաձեռնողներից մեկն է և միաժամանակ հանդիսանում է Լիգայի բարձրագույն խորհրդի նախագահը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան իր խոսքում նշեց, որ ձևավորված համալսարանական կազմավորումը կհանդիսանա կարևոր փորձագիտական հարթակ, որի ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին: Երևանի պետական համալսարանը ՀԱՊԿ համալսարանական լիգայի հիմնադիր ժողովին ներկայացնում է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: ԵՊՀ պրոռեկտորի փոխանցմամբ՝ առաջիկա մեկ տարին կլինի Լիգայի կազմակերպչական խնդիրների լուծման և կայացման շրջան: Նախատեսվում է Լիգայի շրջանակներում ձևավորել տարբեր խնդիրներով (տեղեկատվական, ֆինանսական, բնամթերքի, բնապահպանական և այլն) զբաղվող անվտանգության ինստիտուտներ, որոնք կհամակարգվեն Լիգայի անդամ համալսարանների կողմից:

Նմանատիպ նյութեր