211652_close_icon
views-count1115 դիտում article-date 11:14 17-04-2014

Հայաստանը միացել է մելանոմայի դեմ պայքարի միամսյակին

Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիան և «Գլոբալ Շեյփերս» Երևանյան կենտրոնը համատեղ նախաձեռնությամբ արդեն 2-րդ անգամ աշխարհում նշում են մելանոմայի դեմ պայքարի օրը։ Նախագծի շրջանակներում ապրիլի 11-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջոցառումների օգնությամբ կտարածվի մելանոմա հիվանդության և դրա դեմ պայքարելու մասին տեղեկատվություն Հայաստանի և այլ երկրների քաղաքացիների համար: Մելանոման մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է, որն ամեն տարի ի հայտ է գալիս 160,000 նոր տեսակներով և ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը մաշկային քաղցկեղի շրջանում, որից տարեկան աշխարհում մահանում է 48,000 մարդ։ Մայիսի 11-ը հայտարարվել է մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օր` ի հիշատակ հանրահայտ երգիչ Բոբ Մարլիի, ով մահացել է մելանոմայից 1981թ. մայիսի 11-ին: Ապրիլի 11- ից մայիսի 11-ը Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում կտրվի անվճար խորհրդատվություն/ախտորոշում քաղաքացիներին, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցացիան կկազմակերպի մասնագիտական կլոր սեղան- քննարկումներ մելանոմայի առաջացման պատճառների, ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդների մասին։ Մայիսի 11- ին թեմատիկ միջոցառում կիրականացվի երևանյան ակումբներից մեկում: Մայիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի խոշոր միջազգային գիտաժողով՝ «Մուլտիդիսցիպլինար քաղցկեղի կառավարում» թեմայով։ *** «Գլոբալ Շեյփերս» երիտասարդական ՀԿ-ն կազմավորվել է որպես «Գլոբալ Շեյփերս Քոմյունիթի» հասարակական նախաձեռնության Երևանյան կենտրոնի իրավահաջորդ և հանդիսանում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորում»-ի (World Economic Forum) նախաձեռնությունը: Նորաստեղծ այս ցանցը գործում է աշխարհի խոշորագույն 330 քաղաքներում և ունի շուրջ 3,500 անդամ ողջ աշխարհում: «Գլոբալ Շեյփերս» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իր անդամների շահերի ընդհանրության և կամավորության հիման վրա գործող ոչ քաղաքական, անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործելով Համաշխարհային Տնտեսական Ֆորումի հովանու ներքո՝ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին մասնակցել տեղական, տարածաշրջանային և գլոբալ գործընթացներին և խթանել հանրային շահերին ուղղված ձեռներեցության զարգացմանը: Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2012թ. սեպտեմբերին: Ասոցիացիայի հիմնական նպատակն է զարգացնել արյունաբանության և ուռուցքաբանության, ինչպես նաև դրանց հետ առնչվող բժշկական և գիտական ոլորտները: Այս ասոցիացիայի անդամներն են` բժիշկներ, բուժքույրեր, հոգեբաններ, գիտնականներ, հանրային առողջության մասնագետներ, քաղցկեղից բուժված անձինք և այլն, ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից: Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ղեկավարն է դոկտոր Սամվել Դանիելյանը, ով միևնույն ժամանակ հանդիսանում է ԵՊԲՀ «Մուրացան» հոսփիթալի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչը և ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի ղեկավարը: Ասոցիացիան ունի նաև հոգաբարձուների խորհուրդ, որը բաղկացած է հարգարժան և աշխարհում ճանաչված մարդկանցից:

Նմանատիպ նյութեր