2378 դիտում
21:02 10-04-2014
Քելեխ ու լաց
Մահվան մասին մտածելիս մարդուն հետքրքրում է, թե ովքեր են գալու իր թաղմանը, ովքեր են լաց լինելու, ովքեր ինչպես են լաց լինելու, ովքեր ինչ ծաղիկներ ու պասկներ են բերելու, դագաղն ովքեր են բռնելու, գերեզմանն ովքեր են փորելու, ինչ քելեխ են տալու, ինչ ռեստորանում են սեղան պատվիրելու, սեղանին սև խավիար լինելու է, թե ոչ, և այդպես շարունակ:
Սա առաջին հայացքից օրինաչափ է, որովհետև ողջը մահվան մասին դատում է ըստ իր տեսած մահվան-թաղման պատկերի: Իսկ այդ պատկերի մեջ մտնում են այն տեսարանները, որոնք նա տեսել է իրեն ծանոթ հանգուցյալի հոգեհանգստի և հուղարկավորության ժամանակ: Ողջ մարդն այդ տեսարաններն ամբողջացնելով պատկերացում է կազմում մահվան մասին: Եվ քանի որ այդ տեսարաններից ամենահուզիչը լաց լինելն է, ապա մահվան մասին մտածելիս մարդուն ամենից շատ հետաքրքրում է, թե ովքեր են իր վրա լաց լինելու և ինչպես՝ աղիողորմ, բարձ ոռնալով, նվնվալով, սնքրտալով, լուռ, մտքում և այլն:
Սա ամենևին էլ ծիծաղելի չէ: Մարդը բոլոր ժամանակներում էլ մտածել է մահվան մասին, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ մահկանացու են, մահն անխուսափելի է: Սակայն լավ կլիներ, որ մեռնելու մասին մտածումներում կարևորվեր ոչ թե քելեխն ու լացը, այլ այն, թե մարդն ինչ է թողել այս աշխարհում, ինչ է տվել այս աշխարհին, ովքեր և ինչպես են հիշելու իրեն:
Այս առումով կարևոր է այն, թե ինչ է անում մարդը մեռնելուց առաջ, երբ հասկանում է, որ շուտով մեռնելու է: Այդ ժամանակ նա կանչում է իր բոլոր հարազատներին, բարեկամներին, ծանոթներին, հարևաններին և հաշտվում է նրանց հետ: Այսինքն մարդը հասկանում է, որ այլևս չի լինելու, և այլևս անիմաստ է անհաշտ մնալը, քանի և հաշտվում է իր շրջապատի մարդկանց հետ:
Եվ ուրեմն առողջ, բարոյական, գիտակից մարդը մտածում է ոչ թե իր քելեխի ճոխության, լացողների, պսակների մասին, այլ այն մասին, թե ում հետ է անհաշտ և ինչքան անիմաստ է այդ անհաշտությունը, քանի որ մահկանացու է: Այսինքն մահվան մասին մտածելու հիմնական առարկան հաշտվելն է շրջապատող մարդկանց՝ բարեկամների, ընկերների, հարազատների հետ:
Ամեն դեպքում մահվան մասին մտածումը տխուր տրամադրություն է հաղորդում: Սակայն եթե մահվան պատկերի մեջ առաջին պլան է մղվում հաշտությունը, ապա մարդը նորից լցվում է հույսով, տրամադրությունը բարձրանում է, քանի որ հաշտությունը խաղաղություն է հաղորդում հոգուն: Իսկ երբ մահվան մասին մտածելիս հաշտությունը չի կարևորվում, ուրեմն մարդը հոգեկան լուրջ խնդիր ունի:
Այսինքն վերջավորության կամ մեռնելու մասին մտածելու ժամանակ առողջ մարդը լցվում է ներողամտությամբ: Նա այդ մտքի ազդեցության տակ ներդաշնակության է հասնում շրջապատող բնության, մարդկանց, աշխարհի հետ: Այսպես է բացատրվում նաև այն գաղտնիքը, թե ինչու է բնության, մարդկանց, աշխարհի, հարևանների հետ ներդաշնակության մեջ ապրողը առողջ, ուրախ, գեղեցիկ, ու նաև երկար ապրում:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
7286 դիտում
23:36 26-07-2020
Սոֆյա Հովսեփյան. Դպրոցահասակ երեխան ինչո՞ւ պիտի վերլուծի՝ գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, քելեխ բառերը
3377 դիտում
21:00 28-12-2014
Շումախերը լաց է լինում, երբ լսում է կնոջ և երեխաների ձայնը
Այս բաժնից
661 դիտում
13:56 27-11-2024
Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան