211652_close_icon
views-count10896 դիտում article-date 12:09 09-04-2014

Ապարանում ավտոմեքենան վարելու ընթացքում կոմերցիոն բաժնի պետը հանկարծամահ է եղել, և մեքենան բախվել է դեղատան աստիճաններին. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 60-ամյա Արարատ Դիլբարյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 025 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող Բաղրամյան 18 հասցեի դեղատան շենքի մուտքի աստիճաններին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Դիլբարյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Սպիտակ քաղաքի բնակիչներ, 31-ամյա Շավարշ Մաթոսյանը, 36-ամյա Լուսինե Բուլղադարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Բենիկ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Դիլբարյանն աշխատում էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Սպիտակի ենթատեղամասում՝ որպես կոմերցիոն բաժնի պետ, վիրավորներ Շ. Մաթոսյանը՝ նույն տեղամասում՝ որպես շահագործման բաժնի պետ, իսկ Լ. Բուլղադարյանը՝ նույն տեղամասում՝ որպես ավագ լաբորանտ: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով էլ մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել դեղատան աստիճաններին: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր