Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայի ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ. ՌԴ սպան տեղում մահացել է. կինը տեղափոխվել է հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ ժամանակավորապես Երևան քաղաքի Մանանդյան փողոցի 1ա շենքի բնակիչ, 25-ամյա Դմիտրի Սիդորենկոն իր կողմից վարած BMW մակնիշի 24 OL 394 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող ՀՀ Մաքսային ծառայության Կինոլոգիական կենտրոնի դիմաց, բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին ու մոտ 200 մետր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Դ. Սիդորենկոն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ նրա ուղևորուհին՝ 27-ամյա Եկատերինա Պերեյազկոն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն:
Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայողները:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորքերի N զորամասում՝ որպես սպասարկման խմբի պետ: Զննությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ: Ըստ ֆոտոլրագրողի՝ հնարավոր է, որ հարուցված քրեական գործը փոխանցվի ՀՀ ՊՆ քննչական ծառայություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի