1547 դիտում
19:53 03-04-2014
Քննարկվել են ամոքիչ բժշկական օգնության և խնամքի հարցերը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ու Բաց հասարակության ինստիտուտի (OSI) պալիատիվ բուժօգնության միջազգային փորձագետ Սթիվեն Քոննորի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին նախարարության համակարգում ամոքիչ (պալիատիվ) խնամքի ծառայությունների ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները։ Պալիատիվ խնամքի ծառայությունների ներդրման ընթացքում Բաց հասարակության հիմնադրամը շարունակաբար համագործակցել է միջազգային փորձագիտական աջակցությամբ, կրթական նյութերի մշակման, տպագրման, ինչպես նաև ծրագրային այլ միջոցառումների իրականացման գործում: Համատեղ ձևավորված աշխատանքային խումբը մշակել է Հայաuտանում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման 2013-2018 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումները, որը կհաստատվի ՀՀ կառավարության կողմից։ Պալիատիվ բժշկական օգնության շրջանակներում ցավային համախտանիշի կառավարման նպատակով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի նշանակման կլինիկական ուղեցույցի, պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ստանդարտների, այն իրականացնող բժշկի և բուժքրոջ գործունեության կազմակերպման դրույթների պատրաստմանը մասնակցություն է ունեցել նաև Գլոբալ հիմնադրամը` ամոքիչ խնամքի ծառայությունների ներդրման ծրագրի հիմնական ֆինանսավորողը։ Իրականացվել են նաև կրթական ծրագրեր։
Երկրում ամոքիչ խնամքի կազմակերպման համար իրավական դաշտն ամբողջական դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել նաև «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։ Նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։
Դերենիկ Դումանյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի հետ համատեղ գործունեությունն արդյունավետ գնահատեց։ Նա իր հյուրերին ներկայացրեց ծառայությունների օպտիմալացման և որակի բարելավման, ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող համակարգային բարեփոխումները։ Ընդգծեց, որ հոգեբուժության և տուբերկուլոզի ոլորտներում կառուցվածքային և ֆինանսավորման մեխանիզմների փոփոխությունները կատարվել են ոչ թե մեխանիկական տարանջատման կամ միավորման, այլ մասնագիտական, ինչպես նաև տարբեր գործառույթների ամրագրման սկզբունքներով։
Հյուրերը բարձր գնահատեցին նախարարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումները։ Սթիվեն Քոննորը կարևորեց հատկապես պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման ռազմավարության առկայությունն ու նշված ոլորտներում մասնագիտական հիմնավորումներով կատարվող քայլերը։ «Ես վստահ եմ, որ Հայաստանի առողջապահության համակարգի հետ կկազմակերպենք պալիատիվ բժշկական պատշաճ օգնություն և սպասարկում»,-ասաց նա։
Երկուստեք կարևորվեց կրթական ծրագրերի շարունակականությունը։ Նախարարն առաջարկեց ամոքիչ խնամքի կարիք ունեցողների ընտանիքի անդամներից բացի կրթական ծրագրերում ընդգրկել ընտանեկան և տեղամասային բժիշկներին, քանի որ ամոքիչ բժշկական օգնությունն ու սպասարկումը հիմնականում պետք է կազմակերպվի ընտանիքներում։ Իսկ առանձնացված կենտրոններում մասնագետները կհստակեցնեն բուժման և խնամքի սխեմաները։
Լարիսա Մինասյանը բարձրացրեց բժշկական համալսարանում մագիստրատուրայի մակարդակում ցավամոքիչ խնամքի նեղ մասնագիտացման կազմակերպումը։
Այնուհետև քննարկվեցին ամոքիչ խնամքի ծառայությունների ներդրման համար անհրաժեշտ առաջիկա անելիքները։
Սթիվեն Քոննորը նշեց, որ այժմ, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարաստվում է աշխարհում ամոքիչ (պալիատիվ) խնամքի ծառայությունների վերաբերյալ բանաձև հրապարակել, բարենպաստ ժամանակ է Հայաստանում այն ներդնելու համար և նշեց, որ կշարունակեն աջակցել ծրագրի իրականացմանը։ Իսկ Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի բարձրակարգ ծառայություն կազմակերպելու համար։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
538 դիտում
18:45 26-11-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
706 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
571 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ