211652_close_icon
views-count1516 դիտում article-date 20:55 01-04-2014

Ստի տոնը, ռուսները և մենք

Ապրիլի մեկը մեզ մոտ անվանում են «Խաբելու օր»: Թե իրականում, որտեղ են թաքնված այս բավական խորհրդավոր տոնի արմատները, հստակ ու ճշգրիտ պարզված չէ. ըստ որոշ մշակութաբանների, տոնը կապվում է իռլանդացիների հետ, ովքեր այս օրն են տոնում Ամանորը, այլք կարծում են, որ ապրիլմեկյան արմատները հասնում են մինչ 16-րդ դար. այդ ժամանակ, երբ Ամանորը տևում էր մարտի 25-ից մինչ ապրիլի 1-ը ֆրանսիական թագավոր Կարլոս 9-րդը տոնը տեղափոխեց Հունվար 1: Որոշ պահպանողականներ շարունակում էին տոնել հին տոնը և մնացյալից ծաղրվում էին` անվանվելով «ապրիլմեկյան հիմարներ»: Հետագայում այս ծաղրանքն ու սրախոսությունը դադարեցին բացասական երանգ ունենալուց և պահպանվեց հումորային կողմը: Համաձայն մեկ այլ տեսության «Ապրիլի մեկը» ունի սլավոնական ծագում: Սլավոնները հավատում էին, որ հենց այդ օրն է արթնանում (վերածնվում) իրենց տան, օջախի պահապանը («домовой»-ը)` տան ոգին, որն ապահովում էր տնեցիների առողջությունը, ընտանիքի ամրությունը և սերն ու խաղաղությունը: Եվ որովհետև «տան ոգին», համաձայն այս առասպելի տարբերակներից մեկի, մեղքերի թողության չարժանացած տղամարդ էր, Աստծուց (կամ աստվածներից), որպես ապաշխարության շրջան, պետք է ծառայեր այդ տանը: Հատկանշական է, որ միայն ռուսական միջավայրում է, որ այս տոնը կապված է առավել խաբելու, այլ ոչ` կատակելու հետ, որտեղ էլ մեծ տարածում ունի հետևյալ ասացվածքը. «Ապրիլի մեկ է, ոչ ոքի չեմ հավատա»: Ներկայումս լիովին պարզ է, որ ռուսական «դոմովոյը» վերջնականապես ձախողվել է ընտանիքը պահպանելու իր առաքելության մեջ: Եվ սա կարելի էր նույնիսկ կանխատեսել. միայն ռուսական միջավայրում է, փաստորեն, որ ընտանիքի ամրությունը վստահվում է, մեղքի պատճառով հանդերձյալում հանգիստ չգտնող, թափառական հոգուն: Սա կարելի է ասել ռուսականության մեջ սովորույթի (արխետիպային) բնույթ է կրում. կար ժամանակ, երբ ողջ Ռուսական կայսրությունը, որի կազմում, ցավոք, գտնվում էինք նաև մենք, և որը համարվում էր մի մեծ ընտանիք, վստահված էր Վլադիմիր Լենին անունով մի ուրվականի, որը նույնպես ձախողվեց թե՛ այդ ընտանիքի միասնությունը պահելու և թե՛ ընտանիքի անդամների բարեկեցությունն ապահովելու հարցում: Այլև, միայն ռուսական միջավայրում է, որ հումորի, ծիծաղի օրը դառնում է ստի օր. մի երևույթ, որի հետևանք են աշխարհի մնացած բոլոր չարիքները: Ընդ որում, ռուսները սուտ էին խոսում, որպեսզի ուրախացնեին իրենց «դոմավոյին»: Սա բավական տրամաբանական է. չար մարդ, որը, հանգստից զրկված, պետք է որ ավելի չարացած լիներ աշխարհի ու մարդկանց վրա, լիովին հասկանալի է, որ կուրախանար, երբ տեսներ, թե մարդիկ իրար խաբում են: Իսկ եթե խաբում են, մնացած վատ բաներն անհրաժեշտաբար հետևում են ստին: Այս ամենը դեռ ոչինչ. սակայն վատը մեկ այլ օրինաչափություն է, որը գրեթե անսխալորեն գործում է մեզ` հայերիս դեպքում. որտեղ մի վատը կա, մենք առաջինն ենք վերցնում և այնպես յուրացնում ու սրբորեն պահում, ասես, ոչ թե վերցնովի էր, այլ մենք ենք հեղինակել: Իսկ եթե լավ բանն ենք վերցնում, ապա դրանից զտում-հանում ենք միայն բացասականը և կեսագործում այս վատը: Ո՞վ է մեզ ստիպել այս գեղեցիկ տոնը, որն օգտակար ու հաճելի է ամեն առումով, յուրացնել ռուսականացված տարբերակով, որն արդեն իսկ վատացված է և, վատթարացնելով, խաբել ու խաբել… Հետաքրքիր է. ուրիշ օրերում չե՞նք խաբում, թե՞ դեռ կարոտ ենք ստի ու կեղծիքի լեգիտիմացիային… «Ապրիլի մեկը» խաբելու օրը չէ, այլ կատակելու. եթե այնքան շնորհք չունեք, որ կարողանաք շնորհքով կատակել, եթե այնքան շնորհք չունեք, որ կարողանաք կատակը հասկանալ և խնդալ, ապա գոնե այնքան շնորհք ունեցեք, որ թույլ չտաք ձեզ խաբեն, իսկ ամենակարևորը` դուք մի՛ խաբեք: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր